Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ. դեսպան
«Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար»,- այս մասին նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր խորհրդարանում ընդունելով Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին:
ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձևավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դեսպանը վստահեցրել է, որ Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ` փաստելով, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին:
Պյոտր Լիտվինն իր պատրաստակամությունն է հայտնել միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման և խորացման գործում, կարևորել համագործակցությունը միջազգային հարթակներում:
ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես գիտության, մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր, գոհունակությամբ արձանագրել Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալների աճը: Կողմերը բարձր են գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը հարաբերությունների խորացման հարցում, երկրի հասարակական-քաղաքական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան