Խոսել խաղաղության մասին, դա չի նշանակում՝ ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը. Մնացականյան
«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է՝ խոսել խաղաղության մասին, բայց դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին, ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, երբ ասաց՝ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլի է գնացել:
ԱԳ նախարարի խոսքով՝ խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակցիներին՝ և Ադրբեջանի, և Ղարաբաղի, և Հայաստանի ժողովրդին, դա է խիզախությունը: «Դրա մասին էր խոսքը: Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարություն գա նաև մյուս կողմից»,- ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը:
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց` Հայաստանը երբեք չի քննարկի «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը, ինչին հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, «թե արդյոք Փաշինյանի այս դիրքորոշումը չի նշանակում, որ նա հրաժարվում է բանակցություններից», Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Դա այդպես չէ, որովհետև Հայաստանը շարունակում է աշխատել այն մասով, ինչը վերաբերվում է բանակցությանը»:
Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախին ներգրավելուն, նախարարն ասաց, որ Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:
«Եթե բառակապակցություներին եք կպնում, պարոն Փաշինյանն ասել է այն, ինչ ասել է: Դա վերաբերում է նրան, որ կա երեք կողմ, Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, մասնակցում է բանակցություններին, շարունակում է այդ ամենն անել»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե մոտ ապագայում սպասվում է Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Չշտապենք դեռևս: Շատ էական է, որպեսզի մենք շարունակենք կառուցել գործընթացն այնպես, որ կարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերը նշանակություն ունեն, բայց առաջնայինն այն է, որ վստահ լինենք՝ հաջորդ քայլը նախապատրաստված է այնպես, որպեսզի մենք դինամիկան կարողանանք պահպանել»:
Նշենք, որ Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավերով:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Ցանկացած անզգույշ հայտարարություն կարող է իրավիճակի կտրուկ փոփոխման բերել
- Մեծ հույսեր ունենալ, որ ԼՂ հարցում կարող ենք առաջ շարժվել, ցավոք, չենք կարող.Փաշինյան
- Քաղաքագետ. Այ հիմա, թող Զոհրաբ Մնացականյանը բացատրի՝ բանակցությունների տապալումից հետո ոնց էր հաշվել հետագա քայլերը
- Փաշինյան. ԼՂ հարցում մենք վարում ենք մի քաղաքականություն, որ նախկինում որևէ մեկը չի վարել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան