Մինասի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է
Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում գտնվող Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է։
«Այն պետք է վերականգնվի, հետո ապամոնտաժվի, որովհետև այդ տարածքը փլատակ է, այդտեղ պահել չի լինի։ Մոտավոր արժեքը 20-25 հազար դոլար է։ Սրա մասին նախարարությունը վաղուց տեղյակ է, ընդգրկված է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից»,- Panorama.am-ին ասաց «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ, նկարչի որդի Արման Ավետիսյանը։
Հարցին, թե արդյո՞ք արդեն որևէ արձագանք կա, որ կվերականգնվի որմնանկարը, նա նշեց, որ որևէ արձագանք, տեղեկություն չունեն, հույս ունի, որ հանրությունը տեղի, սփյուռքի, ինչ -որ ձևով կարձագանքի։
Ա. Ավետիսյանի խոսքով, որմնանկարները սովորաբար վերականգնվում և տեղափոխվում են տաք եղանակին, բայց ամրակայում կարելի է հենց վաղն էլ սկսել, որպեսզի չթափվի։
Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի միջոցով արդեն կազմակերպվել է Մինաս Ավետիսյանի 8 որմնանկարի վերականգնում, որից միայն մեկը չի տեղաշարժվել՝ «Հայաստան» որմնանկարը Վահրամաբերդ համայնքում։ Վերականգնվել են նաև Ռաֆիկ Աթոյանի և Հակոբ Հակոբյանի որմնանկարները։
Նա ասաց, որ ամրակայման, մասնակի վերականգնման, բայց ոչ տեղաշարժման կարիք ունի Մինաս Ավետիսյանի՝ Ազատան գյուղում գտնվող որմնանկարը։ «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 4 տարի առաջ, արդեն ունի որոշակի վնասվածքներ։
«Տեղի համայնքը լավ չի գիտակցում, թե ինչ ունի։ Երեխաներն անընդհատ խաղում են, խողովակի հետ կապված խնդիր կար, պատը խոնավացել էր։ Ժամանակին տեղեկացրել եմ, առանձնապես արձագանք չեմ տեսնում»,- ասաց Ա. Ավետիսյանը։
Լուսանկարները՝ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան Minas Avetisyan house-museum ֆեյսբուքյան էջից։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը վերականգնվել է
- Ջաջուռի տուն-թանգարանում բացվելու է Մինաս Ավետիսյանի նոր ցուցադրությունը
- Մինասի բեմանկարչական ձևավորումներից մեկն է պահպանվել. «Եթե ժամանակին վերականգնվեին...»
- Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի փրկությունը վտանգված է
- Մինասի որմնանկարը կմնա Վահրամաբերդում. Վարչապետ
- Մինասի որմնանկարները տեղափոխելու դեմ բողոքի գործողությունները Գյումրիում շարունակվում են
- Մինաս Ավետիսյանի որմնանկարները շուտով կհայտնվեն ՀՀ կառավարության N 1 շենքում