Քաղցկեղը դատավճիռ չէ. միշտ պետք է առաջ նայել
Ամբողջ աշխարհում փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, որի խորհուրդն է ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը:
Մասնագետները վստահեցնում են, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն ընկալվում է որպես բարդ հիվանդություն, որը միշտ ունի բուժվելու տարբերակ:
2018 թվականին աշխարհում չարորակ նորագոյացություններից մահացել է 9.6 մլն մարդ` մահվան դեպքերի գրեթե 70%-ը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ ՉՆ-ի տարածվածությունը և մահացությունը պայմանավորված են ախտորոշման անհասանելիությամբ և հիվանդության ուշ փուլերում բժշկական օգնության դիմելու հանգամանքով:
Հայաստանում չարորակ նորագոյացություններից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Ընդհանուր մահացության կառուցվածքում այն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (20.4%), արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո: Վերջին 30 տարվա ընթացքում մահացության և հիվանդացության ցուցանիշներն աճել են 2-3 անգամ: 2018-ի դրությամբ Հայաստանում դիսպանսերային հսկողության տակ գտվող ՉՆ հիվանդների թիվը 43830 է, ամեն տարի գրանցվում է 8500 նոր դեպք:
Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ, մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ չարորակ նորագոյացությունները հանդիսանում են ցանկացած զարգացող և զարգացած երկրների առողջապահական համակարգերի հիմնախնդիրներից մեկը:
Նրա խոսքով՝ քաղցկեղի ռիսկն աճում է տարիքի հետ, և դեպքերն ավելանում են մարդկանց կյանքի տևողության ավելացման և ապրելակերպի փոփոխության հետ: Վերջին տարիներին դեպքերն ավելացել են՝ նաև պայմանավորված բժիշկներին դիմելիության աճով:
Ուռուցքաբանի խոսքով՝ քաղցկեղի առաջացման ռիսկի գործոններն են ոչ առողջ ապրելակերպը՝ ծխելը, նստակյաց կյանքը, ինչպես նաև՝ էկոլոգիան և անառողջ սնունդը:
Անդրադառնալով Հայաստանում տեխնիկական և դեղորայքային հագեցվածությանը՝ Գևորգ Թամամյանը նշեց, որ թեև մեր երկիրն ապահովված է սարքավորումներով, բայց դա բավարար չէ, դեռևս խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն:
Դիտարկմանը՝ ինչո՞ւ են մարդիկ երբեմն նախընտրում արտերկրում բուժվել, ուռուցքաբանը վստահեցրեց, որ բոլոր երկրներում էլ այդ խնդիրը կա: «Գնում են ամբողջ աշխարհում, Գերմանիայից գնում են Ամերիկա և հակառակը: Մեզ մոտ էլ կան հիանալի մասնագետներ, նորագույն սարքավորումներ, ունենք ձեռքբերումներ, բայց դեռ զարգանալու տեղ ունենք»,- ասաց Գևորգ Թամամյանը:
Անդրադառնալով քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ մանկական ուռուցքաբանը նշեց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է մոտ 80-100 մանկական չարորակ նորագոյացությունների նոր դեպք: Զարգացած երկրներում մանկական քաղցկեղով հիվանդացած 100 երեխայից մոտ 85-ն ունեն կատարյալ առողջացման հնարավորություն, իսկ Հայաստանում 100-ից 70 երեխա:
«Եթե համեմատենք զարգացող այլ երկրների հետ, ապա մենք նրանց համեմատ շատ ավելի լավ վիճակում ենք»,- ընդգծեց նա:
Գևորգ Թամամյանի խոսքով՝ քաղցկեղը դատավճիռ չէ, հազարավոր երեխաներ բուժվել են և վերադարձել են կյանք, ապրում են մեր կողքին. «Երեխաններն այդ ծանր փորձությունը հաղթահարում են և վերադառնում կյանք, բուժված երեխաներից շատերը մեծացել են, ընտանիք են կազմել , երեխաներ ունեն: Եթե քաղցկեղ է ախտորոշվել, պետք է անմիջապես սկսել բուժումը, հույսը միշտ կա, միշտ պետք է առաջ նայել և չհուսահատվել»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան