«Չոր հացի, դեղի փող էլ չեք կամենում, որ աշխատենք»
Կառավարության մոտ այսօր կրկին հավաքվել են փողոցային առևտրով զբաղվողները։
«Չոր հացի, դեղի փող էլ չեք կամենում, ուզում, որ աշխատենք։ 40 տարի կանգնել եմ Պրոսպեկտի շուկայում։ Չորս կողմը Սիթի է»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից կանացից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, ով շենքի մոտ հանդիպեց բողոքող քաղաքացիներին։
Մեկ այլ մասնակցի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունում մեկը չկա, որ ժողովրդին պատասխան տա, իրենց հարցով զբաղվեն։
«Քաղաքում այսօր 1000-1500 հոգի են, որ իրենց ընտանիքը պահում են։ Հնարավոր չի՞ աշխատանքային խումբ կազմվի, կուլտուրական մեզ հարկային դաշտ բերեն, կուլտուրական ոճով մենք աշխատենք։ Մենք քաղաքապետարանին առաջարկել ենք՝ մարդաշատ վայրերում 10-15 հոգի հավաքելով, գեղեցիկ տաղավարներ սարքեն, յուրաքաքանչյուր մարդ պատրաստ է 1000 դրամ վճարել։ Ասում են՝ գնացեք, ինչ ուզում եք արեք։ Մեզ ապրել է պետք»,- նշեց ակցիայի մասնակիցը։
Ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ նամակ են ուղարկել Երևանի քաղաքապետարան, ժամկետը լրացել է հունվարի 26-ին, որևէ պատասխան չեն ստացել. «Այնպիսի տպավորություն է, որ մեր նամակը չեն էլ կարդացել, որովհետև իրենց չի հետաքրքրում այդ հարցը»։
Վ. Կարապետյանն ասաց, որ խնդիրը հասկացել է, հետամուտ կլինի, որ հարցի պատասխանը ստանա։ Պայմանավորվեցին, որ այսօր ժամը 18։00-ին ակցիայի մասնակիցներից մեկը կզանգահարի իրեն։
«Մենք ուզում ենք հարցի լուծում լինի, որ վաղվանից աշխատենք»,- ասաց ակցիայի մասնակիցը։
«Մենք ուզում ենք օրենքի երկիր լինի, չէ՞...Հիմա դուք ուզում եք զոռբայությամբ հարցը լուծել»,- նշեց Վ. Կարապետյանը։
«Ինչ օրենք, օրենքդ ուր է, ապահովեք մեզ աշխատանքով»,- գոռացին բողոքող քաղաքացիները։
Մեկ այլ կին ասաց, որ իրենք ունեն մեկ այլ առաջարկ ևս. «Ասում են շուկաներում ազատ տեղեր կան, գնացեք, աշխատեք։ Կմտնենք շուկաները այն ժամանակ, երբ խանութներից գյուղմթերքը կվերանա։ Շուկաները դատարակ են, մենակ վաճառողներն են կանգնած»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում։ Քաղաքապետարանից ասում են, որ գյուղատնտեսական ապրանքների առևտրի համար տեղեր կան բոլոր վարչական շրջաններում:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքային իշխանության խոստումը. Բացօթյա ապօրինի առևտուր Երևանում չպետք է լինի
- Փողոցային առևտրի հարցով ՍԱՏՄ-ն պատրաստ է համագործակցել քաղաքապետարանի հետ
- Առևտրականների բողոքի ակցիան կառավարության դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան