Ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և կարիք չունենք «Իտալացի աղջկա երգ»-ի. Ալեն Սիմոնյան
«Գործող օրհներգը ՀՀ բնակչության մեծ մասի սրտով չէ, մեկն Արամ Խաչատրանինն է հավանում օրինակ, մեկը Ազնավորի, մեկը Մանսուրյանի, բայց մի բան միանշանակ է՝ մենք գործող օրհներգի հետ կապված կոնսենսուս չունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հաշվի առնելով բոլոր կարծիքները, հիմնականում դեմ կարծիքները, միջանկյալ մի տարբերակ եմ գտել, որը հենց վերջնական վիճակի կբերվի, կներկայացնեմ հանրությանը, որ չի ենթադրում պետական, ԱԺ շենքի կամ խմբակցության հետ կապված գործառույթներ, բացի՝ էթիկայի և գործընկերության մթնոլորտից ելնելով տեղյակ պահելն ու քննարկելը»,- ասաց նա։
Սիմոնյանը նշեց, որ ինքը փոփոխության առաջարկ չի արել, այլ ուղղակի քննարկման առաջարկ է արել. «Այդ քննարկումը շարունակվելու է։ Ես համարում եմ, որ մենք ունենք Կոմիտաս, Արամ Խաչատրյան և մենք կարիք չունենք «Իտալացի աղջկա երգ»-ի։ Ես համարում եմ, որ մենք միշտ պետք է հիշենք այդ երգը, այն մեր պատմությունն է, մեծ դեր է խաղացել, բայց մենք առաջ ենք գնում, սա երրորդ հանրապետությունն է»։
Ինչ վերաբերում է ՀՀԿ քննադատություններին, մասնավորապես ԱԺ-ում անցակցրած փակ հանդիպումների վերաբերյալ, ասաց. «Կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը եթե մի օր ուզենա այստեղ քննարկումներ անցկացնել, ԱԺ ղեկավարությունը դահլիճը կտրամադր իրենց, այլ խնդիր է նրանք կկարողանան 132 մարդ հավաքե՞լ»։