Ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ադրբեջանական «Turan» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևն իր աշխատանքային թիմի հետ գտնվում է Հայաստանում:
ՀՀ արտգործնախարարության կողմից հավատարմագրված ադրբեջանցի լրագրողները մի քանի օր տևած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել քաղաքական գործիչների և լրագրողների հետ։
«Ermenihaber.am»-ի ունեցած տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանցի լրագրողների թիմն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Ի դեպ, Հաջիևի այցին Facebook-ի իր անձնական էջում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։ Նա լուսանկար է հրապարակել ադրբեջանցի լրագրողի հետ՝ մանրամասնելով, որ հարցազրույց է տվել Հաջիևին և վերջինս խոստացել է, որ ոչ մի կերպ չի աղավաղի Պողոսյանի խոսքերը։
Հրապարակման մեկնաբանություններում Թևան Պողոսյանը նշել է նաև, որ ադրբեջանցի լրագրողը նպատակ ունի «հասկանալ Հայաստանի հանրային կարծիքը»։
Նշենք, որ Հաջիևը սոցցանցերի իր էջերում Հայաստանում գտնվելու վերաբերյալ որևէ հրապարակում առայժմ չի արել։ «Turan» գործակալությունն այսօր այցի մասին որոշ տվյալներ է հրապարակել։
Ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ խմբագիրը Հայաստան է գործոըղվել Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան մարմինների իմացությամբ։ Հաջիևին Հայաստանում ուղեկցում են ասիստենտներ Վրաստանից ու Ռուսաստանից։
Հայաստանում ադրբեջանցի լրագրողը ռեպորտաժներ է պատրաստելու, հարցազրույցներ է անելու տարբեր քաղաքական գործիչների ու փորձագետների հետ։ Ռեպորտաժներում անդրադարձ է կատարվելու ԼՂ կարգավորման հարցին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Նյութերը հրապարակվելու են Turan և Contact լրատվամիջոցներում։
Ի դեպ, Turan-ի խմբագրությունը խնդրում է, որևէ հավելյալ տեղեկատվություն չավելացնել գործուղման նպատակների մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին