Freedom House. Հայաստանը շարունակում է մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում
Freedom House-ը հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին՝ Freedom in the World 2019: Freedom House-ն արձանագրել է, որ 2018թ.-ին ժողովրդավարությունն աշխարհում նահանջ է ապրել։ Երկրներում, որոնք արդեն իսկ դասակարգված էին ավտորիտար, իշխանություններն այժմ արգելում են ընդդիմադիր խմբերին, բանտարկում առաջնորդներին, սահմանափակում մամուլը։ Այն երկրները, որոնք Սառը պատերազմից հետո ժողովրդավարացել էին, այն նվազել է կոռուպցիայի, հակալիբերալ պոպուլիստական շարժումների պատճառով։
Սակայն այս ամենով հանդերձ, Freedom House-ն առանձնացրել է մի քանի երկրներ, որոնցում զարմանալի բարելավումներ են նկատվել։ Այդ երկրների շարքում ամենամեծ առաջընթաց են արձանագրել Հայաստանը, Մալազիան, Եթովպիան, Անգոլան ու Էկվադորը։
Freedom House-ի դասակարգմամբ Հայաստանն արձանագրել է 6 միավոր առաջընթաց՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում։
Նշվում է, որ Հայաստանում ոչ բռնի ցույցերի արդյունքում իշխանությունից հեռացվել է 2008-ից նախագահ Սերժ Սարգսյանը։ Դեկտեմբերին արտահերթ ընտրություններից հետո նոր բարեփոխիչ մեծամասնությունը խոստացել է կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահումների դեմ պայքարում խթանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը ընտրություններում ճանապարհ է բացել համակարգաին բարեփոխումների համար։
Տարածաշրջանում Հայաստանի հետ միասին նաև Վրաստանն է ընդգրկվել «մասամբ ազատ» երկրների շարքում: Տարածաշրջանի մյուս երկրները՝ Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են «ոչ ազատ» երկրների շարքին:
Զեկույցում մեծ տեղ է հատկացվել նաև ԱՄՆ-ին, որտեղ ևս ժողովրդավարության նահանջ է արձանագրվել։
Freedom House-ի զեկույցն ուսումնասիրել է 195 երկիր, որոնցից 44,1 տոկոսն ընդգրկվել է «ազատ», 30.3 տոկոսը՝ «մասամբ ազատ» և 25.6 տոկոսը «ոչ ազատ» դասակարգումներում։