Նաիրա Զոհրաբյան. Որպեսզի էլի չասենք` ուշացանք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ հացադուլ հայտարարած երկու դատապարտյալներ դադարեցրել են բողոքի ակցիան։
«Այսօր իմ գործընկերներ Տիգրան Ստեփանյանի և Հրանտ Մադաթյանի հետ այցելեցի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տարիներով չլուծված խնդիրների բեռը բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակում է մնալ` պարբերաբար ստանալով ընդամենը կոսմետիկ լուծումներ։ Այս պահին շատ փակագծեր չեմ բացելու, բայց առաջիկայում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ սկսելու ենք քննարկումների և հանրային լսումների շարք` կազմելու մեր համատեղ աշխատանքի ճանապարհային քարտեզը։
Շնորհակալ եմ և գնահատում եմ, որ իմ հորդորով այսօր հացադուլը դադարեցրեցին դատապարտյալներ Վաղարշակ Ավետիսյանը և Անդրանիկ Գևորգյանը, որոնց առողջական վիճակը բավականին լուրջ էր։ Որպեսզի էլի չասենք` ուշացանք, Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում Անդրանիկ Գևորգյանի և Մուշեղ Պողոսյանի առողջական խնդիրների վրա։ Երկուսի վիճակն էլ վատ է, շատ վատ։
Լուրջ վերանայման կարիք ունեն նաև լրագրող Արմենակ Դավթյանի, ինչպես նաև դատապարտյալ Սամվել Խաչատրյանի գործերը: Այս երկու գործերում բազմաթիվ խնդրահարույց դրվագներ կան։ Սամվել Խաչատրյանի գործը, ըստ իս, սպիտակ թելերով է կապված:
Առաջիկա օրերին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրելու է արդարադատության նախարարին և Մարդու իրավունքների պաշտպանին` այս և այն հարցերը, որոնց մասին ես լռեցի, քննարկելու և միասին լուծումներ գտնելու համար։ Հուսով եմ` միմյանց օգնելով, միասին կաշխատենք»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան