Ալբերտ Երկրորդը հրաժարվում է հայրության թեստ անցնել
Բելգիական գահից հրաժարված Ալբերտ Երկրորդը հրաժարվում է հայրության թեստ անցնել։ Եվրանյուզի հաղորդմամբ, նրա փաստաբանը պարզաբանել է, որ նախկին միապետը վճռաբեկ դատարանում կբողոքարկի Բրյուսելի վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի հունիսի և դեկտեմբերի վճիռները, որոնք պարտադրում են Ալբերտին հայրության թեստ հանձնել։ Գենետիկ փորձաքննության մասին որոշումը կայացվել էր Ալբերտ Երկրորդի ենթադրյալ արտամուսնական դստեր՝ Դելֆինա Բոելի պահանջով։ 50-ամյա նկարչուհին 2013 թվականից պայքարում է հայրության թեստի համար։
Բելգիական մամուլի տվյալներով, նա, այն ժամանակ դեռևս արքայազն, Ալբերտի և բարոնուհի Սիբիլ դե Սելիս Լոնգշամի սիրո պտուղն է։ Նրանց սիրավեպը շարունակվել է 16 տարի, սակայն 83-ամյա Ալբերտ Երկրորդը հրաժարվում է խոստովանել այդ կապը։ Դելֆինա Բոելն իմացել է մոր սիրավեպի մասին, երբ 18 տարեկան էր, մինչև այդ նրա հայրն էր համարվում բարոնուհու ամուսինը՝ խոշոր արդյունաբերող Ժակ Բոելը։ Ընթացակարգի առաջին փուլը դատարանի որոշումն էր, որը վիճարկում է նրա հայրությունը։ Եթե արդարադատությունը ճանաչի Դելֆինա Բոելի իրավացիությունը, ապա նա կարող է հավակնել տիտղոսի ու այլ արքայական արտոնությունների։