Ըստ հաղորդման. Նարեկ Վանեսյանը 3 հազար դոլար է պահանջել աշխատանքի ընդունելու համար
Հունվարի 8-ին ՀՀ Քննչական կոմիտե է ստացվել և վարույթ ընդունվել ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ մասի հոդվածներով հարուցված քրեական գործը:
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար գումար, սակայն չկատարելով խոստումը հափշտակել է գումարը:
«Հունվարի 17-ին Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենին ծանուցագիր է ուղարկվել նախաքննական մարմին ներկայանալու վերաբերյալ: Վերջինս մինչ օրս չի ներկայացել նախաքննական մարմին»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը Նարեկ Վանեսյանն է: Նա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» տնօրենի պաշտոնից ազատման դիմում էր գրել հայտնի միջադեպից հետո։
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասը նշված հոդվածները սահմանում են.
«Խարդախությունը, որը կատարվել է՝
.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) խոշոր չափերով
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Բժշկական համալսարանը՝ Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
- Վանեսյան. Հրաժարական եմ ներկայացնելու
- Վանեսյանի մասնակցությամբ միջադեպի տեսանյութն է հրապարակվել
- Բժշկականում սկանդալ սարքած Վանեսյանը հայտարարել է, որ նախարարն իր ընկերն ու իրենց դեմ խաղ չկա. «Հրապարակ»