2019 թ-ի հունվարին 2018-ի դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 28.8%-ով, մրգինը՝ 6.4%
2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 3.8%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.6% գնանկում:
2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.6%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 100.5%, ոչ պարենային ապրանքներինը` 100.9%, ծառայությունների սակագներինը` 100.6%:
Վիճակագրության համաձայն, 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.2% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 6.4% և 28.8% գնաճը:
Այսպես, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 10.1% գնանկում, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 28.8% գնաճ:
Մրգի ապրանքախմբում էլ 2019թ. հունվարին 2018թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.2%, իսկ 2018թ. դեկտեմբերի համեմատ` 6.4% գնաճ:
Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2019թ. հունվարին 2018թ. դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 21.3%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.36% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.8 տոկոսային կետով: