«Տարածք՝ խաղաղության դիմաց, կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են»
«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։
«Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:
Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:
Բազմիցս նշել եմ և այսօր էլ շարունակում եմ պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են: Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,- գրել է Աշոտ Ղուլյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին. «Հող հանձնող» իշխանությունը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցում չի նախաձեռնում
- Արթուր Աղաբեկյան. Արցախի հաջորդ նախագահը պետք է լինի Արայիկ Հարությունյանը