Դեռևս խնդրի ծավալը և խորությունը պարզ չեն. Շիրակի մարզպետը՝ անօթևանների խնդրի մասին
Շիրակի մարզի զարգացումն ապահովելու համար ներդրումային ֆոնը պետք է բարելավել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարզի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Շատ հստակ հանձնարարական հնչեց վարչապետի կողմից՝ ուշադրության կենտրոնում պահել մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ մարզի զարգացումն ապահովելու հիմնական գործիքը ներդրումային ֆոնի բարելավումն է: Այն մարդիկ, որոնք որևէ գործառույթ կիրականացնեն մարզերում, պետության անմիջական աջակցությունը կզգանԼ Այդ աջակցությունը պիտի լինի հետևողական», - նշեց մարզպետը:
Անդրադառնալով մարզի բնակարանային խնդրին՝ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավված է նաև մարզպետարանը:
«Վարչապետի կողմից հստակ հանձնարարական տրվեց՝ սեղմ ժամկետում հասկանալ խնդիրը, քանի որ ապրելով Գյումրիում, նաև ժամանակին այդ հարցերով ուղղակիորեն և անուղղակիորեն զբաղվելով, ցավոք սրտի, մեզ համար դեռևս այդ խնդրի խորությունը, ծավալը պարզ չէ»,- նշեց նա:
Հարցին՝ երկրաշարժից 30 տարի անց չկա՞ վիճակագրություն, թե քանի ընտանիք բնակարանի խնդիր ունի, թե ում է հատկացվել բնակարան, ում՝ չէ, մարզպետը նշեց, որ տեղեկատվությունը մասնակի է, այսօր նաև կան դեպքեր, երբ ավելի բարեկեցիկ կյանքից հետո մարդիկ սկսում են տնակներում ապրել, և դա շարունակական պրոցես է: