Վալերի Օսիպյանն առարկեց, որ «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կիրառվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատավարությունը: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը նույնպես դատարանում է, նա ցուցմունք է տալիս։ Այս գործով նա տուժող է. 2016 թ. ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Վ. Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետն էր, մի քանի օր շարունակ պահվել է ՊՊԾ գնդում, այնուհետև ազատ արձակվել։
«Եթե չեմ սխալվում յոթ օր մնացի պատանդավորված»,- ասաց Վ.Օսիպյանը։
Նիստի ընթացքում խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանը Վ. Օսիպյանից հետաքրքրվեց, թե գնդում գտնվելու 7 օրվա ընթացքում իրեն բացատրվե՞լ է, թե երկրում սահմանադրական կարգը տապալված է և իրենց գործողությունները ուղղված են բացառապես արդարությունն ու սահմանադրական կարգը վերականգնելուն, նա պատասխանեց. «Ինձ բացատրել պետք չէ, ես շատերին կարող եմ բացատրել՝ ինչ է սահմանադրական կարգը, բայց դրա շուրջ խոսակցություն եղել է»:
Հարցին՝ «լա՞վ եք հիշում, երբ ԲՏՌ եկավ, առաջին կրակոցը ԲՏՌ-ից եղավ, թե՞ մեր կողմից», Վ. Օսիպյանն ասաց. «Ձեր կողմից»։
«Լավ հիշո՞ւմ եք»,- կրկնվող հարցին ոստիկանապետն արձագանքեց. «Այո»։
Այդ ընթացքում «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկն ինչ- որ բան ասաց, որը լսելի չէր։ Վ. Օսիպյանը հարցրեց, թե բա՞ն ունեն իրեն ասելու, ապա շարունակեց. «Որևէ մեկը չփորձի այստեղ ինչ-որ մի բան ասի»։
Դահլիճում ներկա գտնվողներից Գևորգ Սաֆարյանը տեղից բղավեց. «Դու չպիտի ասես, ինչ խոսեն»:
«Ասացի՝ չափերի մեջ մնացեք»,- արձագանքեց Օսիպյանը։
Նախագահող դատավորն ասաց, որ տիրապետում է իրավիճակին, թույլ չի տա, որ վերահսկողությունից դուրս գա, դահլիճում գտնվողներին էլ զգուշացրեց, որ դատավարությանը խանգարելու, խոչընդոտելու դեպքում գործի քննությունը կշարունակվի դռնփակ ռեժիմով։
«Խոսքս հատկապես վերաբերում է Գևորգ Սաֆարյանին»,- ասաց դատավորը։
Այնուհետև դատավորը հիշեցրեց կիրառված համաներման ակտի մասին, որպես տուժող հարցրեց Վ. Օսիպյանի կարծիքը։
«Ես կորցրել եմ ընկերներ։ Եթե չունենայի կորցրած ընկերներ և գործընկերներ, միգուցե իմ դիրքորոշումն այլ լիներ։ Բայց ես կորցրել եմ ընկերներ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված իր պատիժը»,- ասաց նա։
Դատավորի հարցին՝ այսինքն կարո՞ղ է դատարանն արձանագրել, որ առարկում եք այս գործով կոնկրետ 10 ամբաստանյալների նկատմամբ համաներում կիրառելու դեմ, Վ. Օսիպյանն ասաց. «Դատավարությունը պետք է շարունակվի և յուրաքանչյուրը կրի իր պատիժը»։
Դատավորը կրկին հարցրեց. «Առարկո՞ւմ եք»։
ՀՀ ոստիկանապետը պատասխանեց. «Այո»։
Դատարանից հնչեց «Ամոթ»։
Վ. Օսիպյանի հարցաքննությունն ավարտվեց։
ՀՀ ոստիկանապետի՝ դատարանից դուրս գալիս «Սասնա ծռերի» կողմնակիցները կրկին բղավում էին. «Ամոթ»։
Լրագրողներին Վալերի Օսիպյանն ասաց. «Կա կատարված հանցանք, հանցագործության մասով պետք է բոլորը պատասխանատվություն կրեն։ Կներեք, ավելին հիմա չեմ կարող ասել»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդում հերթապահած բուժքույրն իրեն տուժող չի ճանաչում
- Թող մինչև վերջ էլ նստի ու պատասխան տա. ՊՊԾ գնդի գրավմանը սպանված ոստիկանի կին
- Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
- Իրենք պետք է հետ գնան բանտերում փտեն. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- Միանշանակ, ՊՊԾ գնդում ես պատանդ եմ եղել. Օսիպյան
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից ևս երկուսը գրավի կիրառմամբ ազատ արձակվեցին
- Փաշինյանն ընդունել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների անդամներին
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Արմեն Լամբարյանն ազատվել է կալանքից
- ՊՊԾ-ի գնդի գործով ձայնագրություններ. «Հիմա ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին Նիկոլից սկսած…»:
- ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամներից Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել
- ՊՊԾ գնդի գրավման գործով անցնող Արամ Մանուկյանն ազատ արձակվեց
- ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը ազատ արձակվեց
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան