Հայաստանը Կատարում դեսպանություն կունենա
ՀՀ կառավարության որոշմամբ Կատարի Պետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միջին և Մերձավոր Արևելքի, այդ թվում Ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ:
«Նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի ու Կատարի միջև աճ արձանագրող առևտրաշրջանառությունը, ինչպես նաև Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում անհրաժեշտ է բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն»,- նշված է նախագծում:
Ըստ հիմնավորման՝ կատարական կողմը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով և Երևանում բացել Կատարի Պետության դեսպանություն:
Կատարի Պետությունում ՀՀ դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի և մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաև դիվանագետի բնակարանի վարձը:
«Որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Կատարի միջև քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Կատար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների միջև առկա առևտրատնտեսական կապերը»,-նշված է նախագծում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան