Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
«Գործադիրում թվերի պատասխանատուները հիմա կառավարության ղեկավարին պետք է պատասխան տան, թե ինչու են կառավարության ծրագրում բացակայում ծրագրերը»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Կազմակերպության ղեկավարի հետ քննարկել ենք կառավարության ծրագրի՝ «Աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը և ժողովրդագրությունը» բաժինը։ Ծրագրի այս հատվածում էլ թվեր չկան։ Միակ չափելի արդյունքը ծայրահեղ աղքատության վերացման մասին է, այն էլ ոչ թե խոստում է, այլ ցանկություն։
«Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը»,-նշված է ծրագրում։
Պիպոյանը բացատրում է, թե ինչու են կարևոր թվերը ծրագրում. «Երբ մենք աճը թվերի ու տոկոսների տեսքով չենք տալիս, հետևաբար դրանից բխող կամայական գործառույթ մնում է առանց թվի ու տոկոսի, վերահսկողությունն էլ կատարողականի նկատմամբ չի կարող լինել»։
Հիշյալ բաժնում գրված է, որ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։
«Հիմա եթե մենք ասում ենք թոշակների շարունակական աճ, ի՞նչ ի նկատի ունենք աճ ասելով։
Այնտեղ նշվում է գնաճի ինդեքսով, մինչդեռ մենք գիտենք, որ տարիներ շարունակ այն մեթոդաբանությամբ, որով գնաճը գնահատվել է, չի արտացոլել սպառողական իրական նվազագույն զամբյուղի գնաճը։ Վերջինը և ընդհանուր գնաճը բավականին տարբեր բաներ են, և նույնիսկ այդ մի բառն էական նշանակություն ունի։ Այսինքն՝ այն տերմինները, որ գրված են, անգամ մինիմալ ենթադրություններ անելու հնարավորություն չեն տալիս, որպեսզի հետագայում հնարավոր լինի դրանց կատարողականի նկատմամբ վերահսկողություն սահմանել»,-մանրամասնեց ՀԿ նախագահը։
Որ ծրագրում առկա են օրակարագային հարցեր, ծրագրեր, Պիպոյանն ընդունում է, սակայն նշում է, որևէ գործիք կամ թիվ դրանց կյանքի կոչելու վերաբերյալ չկան, ինչը հնարավորություն է տալիս ամենաչնչին արդյունքը ներկայացնել որպես կատարողականի ապահովում։
«Տեսեք, նշվում է՝ ունենալու ենք տնտեսության շարունակական աճ։ Եթե տնտեսությունն աճում է 0.3 տոկոսով, անկում չկա, ապա համարվում է՝ շարունակական աճ ունենք։ Հինգ տարվա կտրվածքով տնտեսությունը զարգանում է 1.5 տոկոսով, ապա կարող են ասել՝ մեր խոստումը կատարել ենք»,-պատասխանատվությունից խուսափելու հնարավոր տարբերակ մատնանշեց նա։
Առանց թվային տվյալների կառավարության ծրագիրը նմանվում է կենացների ու բարի ցանկությունների։ Ծրագրի նույն բաժնում նշվում է. «Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն»։
Պիպոյանը կարևորում է, թե ի՞նչ ցուցիչներով է առաջնորդվում կառավարությունը, արդյոք սոցիալական արդարություն վերականգնո՞ւմ են, թե՞ ոչ։
ՀԿ նախագահը խոստովանում է՝ ծրագիրը չարդարացրեց իր սպասելիքները։
«Նախորդ ծրագիրը դիտարկել էինք որպես անցումային ծրագիր, և թվերի բացակայությունը փորձել էինք հիմնավորել, որ այն քաղաքական օրակարգի ծրագիր է, ոչ թե տնտեսական գործունեության ծրագիր։ Այդ ժամանակ ասացինք, որ այդ էտապի համար նման ծրագիրն ընդունելի էր, իսկ այս էտապի համար առանց թվերի ծրագիրը չի կարող լինել ընդունելի»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ծրագիրը հրաշալի հնարավորություն է տալիս խորհրդարանական ու արտախորհրդարանական ընտրություններին գնահատականներ տալ, չի բացառվում, որ թվային գնահատականներ լսվեն քննարկումների ընթացքում։
ՀԿ նախագահը չի բացառում, որ հաշվարկները սկսել են, սակայն ավարտին հասցնել չեն հաջողացրել, բայց այս պարագայում էլ՝ պետք է հայտարարվեր, որ թվեր կլինեն մի քանի ամսից։
«8-9 ամիսը բավարար էր թվեր ունենալու համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նախորդ վարչապետների գլխավորած կառավարություններն էլ 2-3 տարի կյանք են ունեցել։
Ի դեպ, Պիպոյանը մի դրական բան նկատել է այս ծրագրում, երկու անգամ օգտագործվել է «սպառողներ»-ի բառը, մինչդեռ նախորդ ծրագրում այն ընդհանրապես չկար։
«Միևնույն է, դա էլ շատ քիչ է»,-ասաց Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Իոաննիսյան. Ո՞վ է հակահեղափոխական
- Ստեփան Դանիելյան. Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է
- Փաստաբանը կառավարության ծրագրում անցումային արդարադատության մասին ոչինչ չի գտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան