Դուք սարքեք, թող էրեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, էրեխեքը քանդելու բան չունենան. Փաշինյան
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց 6 դպրոցական շենք-շինությունների քանդման աշխատանքների իրականացման ծրագրին: Այն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրի համաձայն՝ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, և այս առումով նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն:
Այսպիսով, նախատեսվում է առաջիկայում ամբողջությամբ քանդել Երևանի Ղևոնդ Ալինշանի անվան թիվ 95 միջնակարգ և Երևանի թիվ 116 հիմնական դպրոցները, միայն ճակատային մասը պահպանելով՝ մասնակի քանդել 4 դպրոցների շենք-շինությունները: Դրանք են՝ Երևանի Մուրացանի անվան թիվ 18, Երևանի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցները, Երևանի Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրն ու Երևանի «Հերացի» ավագ դպրոցը:
Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թվականին:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2018 թ-ին հաստատվել է առավել խոսցելի 46 դպրոցի ցանկը, և փաստորեն հիմա հիմնանորոգվում է դրանից 6-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե երբ մնացած բոլոր դպրոցների հիմնանորոգման հարցերը կլուծվե՞ն: Նա միաժամանակ նշեց, որ տեմպն արագացնելու խնդիր կա, և դոնոր գործընկերների հետ պետք է ինտենսիվ աշխատել:
Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հայտնեց, որ վարկային ծրագրով կիրականացվեն 46 դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
«88 մլն դոլար կհատկացնի Ասիական բանկը, 20 մլն՝ ՀՀ կառավարությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքները նախատեսված էր ավարտել 2021 թ-ին, սակայն երկարաձգվել է ևս երկու տարով:
«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպով առաջ գնում»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան Սուրեն Պապիկյանն ասաց, որ պատճառը 18.5 մլն դոլար համաֆինանսավորման խնդիրն էր:
«Ես նկատի ունեմ փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում: Համաֆինանսավորման խնդի՞րն է: Այսինքն՝ նկատի ունեմ, որ այդ տեմպով եթե գնանք, վեց ամսից էլի վեց դպրոցի մասին կխոսենք: Գումարը, կա, դպրոցը կա, ինչի՞ մենք ամեն շաբաթ մի դպրոցի հարց չենք լուծում»,- ասաց վարչապետը և հավելեց, որ վարկային միջոցը վերցված է, պետք է այն արդյունավետ ու արագ օգտագործել:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ լուրջ լինի:
«Մի քանի տեղեր, որ մտնում ես, առաջին տպավորությունն այն է, որ ավարտական կառույցի գլխին ոնց որ գրված է՝ պետական շինարարություն, այսինքն՝ պետական շինարարությունը մեր ընկալումներում չի փոխվում, որ պետական շինարարություն է, կարող է մի քիչ ծուռ լինի, գույնը, որակը այն չլինի, իսկ երբ սեփական շինարարություն է, ամեն անկյունը «ծյունինգ» արած պետք է լինի: Այս տրամաբանությունը պետք է փոխենք: Հա դե դպրոց է, մեկ է՝ երեխեքը քանդելու են. դուք սարքեք, թող էրեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, էրեխեքը քանդելու բան չունենան»,- նշեց նա:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նկատեց, որ փորձը ցույց է տալիս՝ եթե դպրոցը լավ սարքած է, երեխաները չեն քանդում:
«Ճիշտ եք, Դուք՝ որպես կրթության նախարար ձեր բարձրության վրա մնացիք, երեխաներին պաշտպանեցիք»,- կատակեց վարչապետը:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ նշեց, որ իրականում սեյսմիկ կայունության խնդիր ավելի շատ դպրոցներն ունեն, և այդ թիվը տասն անգամ ավելի է: Խոսքն, ըստ նրա, 400 դպրոցի մասին է. «Եթե տեմպը սենց գնա, հետ կընկնենք»:
Նիկոլ Փաշինյանն էլ հաստատեց, որ այս տեմպի դեպքում չեն հասցնի, և մյուս դպրոցներն էլ կգան, կհասնեն նույն վիճակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները