Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանը քննարկվել է Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում քննարկվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրված Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի հուշարձանի թեման: Jnews-ը գրում է, որ «Միասնական ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը հարցրել և խնդրել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին հուշարձանի ապամոնտաժման համար:
«Ախալքալաքում ադրբեջանական ժողովրդի թշնամի, անջատողական Միքայել Ավագյանի հուշարձան է կանգնեցվել: Դա հասարակության մեջ լուրջ իրարանցում առաջացրեց: Սա Վրաստանի դեմ կանխամտածված սադրանք էր: Հետաքրքիր է, որ հուշարձանի բացման ժամանակ ներկա էին Ձեր կուսակից պատգամավորները, քաղաքապետերը և Սակրեբուլոյի նախագահները, նաև Հայաստանի դեսպանը: Հուշարձանը բացվել էր հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր: Ե՞րբ կքանդվի այս հուշարձանը: Սա հասարակության շահն է և մեր պահանջը», – ասել է Սուլեյմանովը:
Իրակլի Կոբախիձեն ասել է, որ այս թյուրիմացությունը լուրջ անհանգստություն է ստեղծել իրենիցի յուրաքանչյուրի համար, այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում:
«Իհարկե Վրաստանը հստակ դիրքորոշում ունի հարևան երկրների հետ կապված: Մենք հարգում ենք հարևան երկրների շահերը և գործում ենք համապատասխան այդ շահերի: Մենք մեր գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, և միասին մենք այնպիսի որոշում կկայացնենք, որպեսզի մեր հարևանությամբ պահպանենք խաղաղ իրավիճակ», – ասել է Կոբախիձեն:
2019 թվականի հունվարի 20-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում տեղադրվել էր Արցախյան պատերազմի ազատամարտիկի նոր հուշարձանը: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր և գյուղի բարերարը, Միքայել Ավագյանի ազգականը միջոցներ էր հատկացրել՝ նոր հուշարձանի համար:
Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ, ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից: Տվյալ փաստը Ադրբեջանում մեծ դժգոհություն էր առաջացրել: Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ և նրան բողոքի նոտա էին փոխանցել՝ այս հարցի վերաբերյալ: Վրաստանի ադրբեջանական համայնքը փետրվարի 3-ին պլանավորել էր բողոքի ցույց` պահանջով քանդել հուշարձանը, այնուհետև հետաձգվել էր 5-ին, սակայն ցույցը դեռևս չի անցկացվել:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ԱԳՆ. Աժիոտաժն անտեղի է
- Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանի բացումը սկանդալ է առաջացրել