Վերաքննիչ դատարանը վերացրել է Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը։
«Իմ կողմից ներկայացված բողոքը մասնակի բավարարվել է, բեկանվել է առաջին ատյանի դատական ակտը՝ այսինքն կալանավորումը վերացնել, գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության»,- Panorama.am-ը տեղեկացավ Վ. Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանից։
Հարցին, թե ի՞նչն է հիմք հանդիսացել Վերաքննիչ դատարանի կողմից նման որոշում կայացնելու համար, փաստաբանն ասաց, որ իրենք բարձրաձայնել էին Երևանի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված որոշման ակնհայտ ապօրինի լինելու մասին։
«Առերևույթ երևում էր պաշտպանության իրավունքի խախտումը, այսինքն պաշտպանական կողմին տեղյակ չէին պահել կայանալիք դատական նիստի մասին, գաղտագողի նիստ էին իրականացրել դեկտեմբերի 30-ին։ Կարծում եմ՝ մասնակի բավարարելը պայմանավորված է, որ դատարանը միանգամից արձանագրել է այդ խախտումը»,- ասաց Մ. Պողոսյանը։
Նա նշեց, որ առաջին ատյանի դատարանը կեղծիքի է դիմել ապօրինիությունը կոծկելու համար։
«Գործի նյութերում հայտնվել է ինչ-որ ապացույց, թե իբրև դատարանի աշխատակազմից զանգահարել են ինձ, չեմ պատասխանել։ Կեղծ է, որևէ մեկը ինձ չի զանգահարել այդ հեռախոսահամարից։ Հունվարի 10-ին երբ ծանոթացա նյութերին, այդպիսի տեղեկանք գործի նյութերում առկա չէր։ Ավելացրել են
իրականությանը չհամապատասխանող ապացույց»,- ասաց Մ. Պողոսյանը։
Հիշեցնենք, որ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հարությունյանն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել 2018թ. նոյեմբերի 2-ին։ Դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը, վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։ Դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ կրկին կալանքի որոշում էր կայացրել։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը չի բողոքարկի Վահագն Հարությունյանի կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչի որոշումը
- Վահագն Հարությունյանը ՀՔԾ պետի դեմ հայց է ներկայացրել
- Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
- Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից