Վարդան Ուռուտյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները: Ըստ այդմ, ռեկտորի պաշտոնում հաստատվեց Վարդան Ուռուտյանը։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ և բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում գաղտնի քվեարկությամբ 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկա օրերին կավարտեն բուհերի խորհուրդների ձևավորումը: Նա վստահեցրեց, որ իրենց առջև դրված խնդիրը հիմնականում լուծել են, այսինքն՝ խորհուրդներն 99%-ով ապաքաղաքականացված են և շատ քիչ պաշտոնյաներ կան, որոնց ներկայությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության մասին» օրենքով:
«Եթե հետևեք խորհուրդների ղեկավարների ընտրությունների արդյունքներին, ապա կտեսնեք, որ դրանք հասարակության շրջանում հարգանք վայելող մարդիկ են, որոնք կարող են նոր որակի բերել բուհերը և բարձրացնել խորհուրդների դերը: Սա ամենակարևորն է, որ հստակ հակակշիռներ են ստեղծվում բուհերում, ինչը չի կարող դրական ազդեցություն ունենալ արդյունքների վրա»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ պատրաստվում են փոխել «Բարձրագույն կրթության մասին» օրենքը, ինչի արդյունքում բուհերի անկախության բարձրացումը և ակադեմիական ազատությունների մեծացումը դրանով կլուծեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ կառավարության և իրենց քաղաքական գործունեության ուղեգիծն է եղել և կա բուհերն ապաքաղաքականացնելու խնդիրը:
«Այսօր նաև հնչում են այնպիսի մեղադրանքներ, որ բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Մենք պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի»,- ասաց վարչապետը:
Նա նաև նշեց, որ խորհուրդների ինքնակառավարման հաստատման և ուժեղացման ճանապարհին բավականին գործ ունեն անելու, այդ թվում՝ նաև օրենսդրական փոփոխությունների տրամաբանությամբ: