«Գիտության ոլորտում կատարվում են մի շարք փոփոխություններ՝ առանց գիտնականներին տեղյակ պահելու». բողոքի ակցիա
Գիտական համայնքի ներկայացուցիչներն այսօր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի դիմաց։ «Գիտական-համայնք Հայաստան» նախաձեռնության անդամներն իրենց պահանջներով նամակ հանձնեցին կառավարություն։
Նախաձեռնության անդամներից մեկը նշեց, որ իրենց հիմնական պահանջը կառավարությունից հետևյալն է. «Կազմակերպել հանրային քննարկումներ գիտության ֆինանսավորման մեխանիզմների՝ մասնավորապես բազային ֆինանսավորման, կատարելագործման և բարելավման համար։ Նախքան գիտության վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելը, քննարկել հանրայնորեն այն, գիտնականների համայնքն անթույլատրելի է համարում գիտության նկատմամբ այսպիսի անզգույշ և չմտածված քայլերը, որոնք որոշվում են առանց համապատասխան գերատեսչությունների հետ քննարկումների»։
Նախաձեռնության անդամի խոսքով, առհասարակ, վերջին վեց ամիսների ընթացքում գիտության ոլորտում կատարվում են մի շարք փոփոխություններ, ընդունվում են որոշումներ, որտեղ դրույթներ կան գիտահետազոտական գործունեության վերաբերյալ, սակայն առանց գիտնականներին տեղյակ պահելու և նրանց հետ քննարկումների, և փաստացի գիտնականներին կանգնեցնում են ընդունված որոշման փաստի առջև։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։