Իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագիրը հաստատելիս հաշվի չեն առել մասնագետների կարծիքը. նյարդավիրաբույժ
«Իշեմիկ ինսուլտի անվճար բուժման ծրագիրը հաստատելիս հաշվի չեն առել նյարդաբանների կարծիքը»,- այս մասին այսօր Հայ Ամերիկյան առողջության կենտրոնում Իշեմիկ ինսուլտի (կաթված) անվճար բուժման ծրագրի խնդրահարույց կողմերի մասին քննարկման ժամանակ ասաց «Աստղիկ» ԲԿ-ի Նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։
«Քաջ հասկանում ենք, որ ինսուլտի վիճակն այնպիսին է մեր երկրում, որ անպայման պետք է ունենանք պետական սատարում, սակայն, ծրագրին նայելով պարզ է դառնում, որ համենայն դեպս ոչ մի պատասխանատու նյարդաբան իր կարծիքը չի ասել, իրենց կարծիքը հաշվի առնված չի եղել։ Արդեն հինգ օր է, ինչ մեկնարկել է այս ծրագիրը, բայց բոլոր կլինիկաներում արդեն խնդիր ունենք։ Հիվանդները տեղեկացված են անվճար բուժօգնության մասին և կռիվը, պահանջը մեկն է՝ «սրսկեք մեզ մեր դեղը, ինչու եք փող ուզում», սակայն ծրագրի լուսաբանումը և տրամաբանությունը բացակայում է»,- ասաց մասնագետը։
Մանվելյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է երկու բուժհաստատությունում՝ «էրեբունի» և Համալսարանական թիվ 1 հիվանդանոցներում, սակայն թրոմբոլիտիկ թերապիա կարող է կատարվել ցանկացած այլ կլինիկայում, որտեղ կա նյարդաբանական և նյարդավիրաբուժական բաժանմունք։
«Այդպիսի հիվանդանոցներն են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», «Աստղիկ» բժշկական կենտրոնը, Հանրապետական հիվանդանոցը, «Նարիրի» բժշկական կենտրոնը, այսինքն՝ այս բոլոր հիվանդաոցները, որոնք հավասարազոր ընդունել և բուժել են ինսուլտով հիվանդներին, հիմա իրենք իրավունք չունեն բուժել այդ հիվանդներին, նրանք պետք է ուղղվեն ուրիշ տեղ։ Թրոմբոլիտիկ թերապիան կարող է կատարվել ցանկացած նյարդաբանական կլինիկայում»,- ասաց նյարդավիրաբույժը՝ շեշտելով, որ ծրագիրը պետք է լինի, սակայն հիվանդների իրավունքների հետ մեկտեղ պետք է հաշվի առնվի բժիշկների իրավունքները։
«Մենք այսօր պետք է բարձրացնենք մեր ձայնը և հասկանանք, ինչու նյարդաբանական հասարակությունը չի ընդգրկվել քննարկման մեջ, ոնց կարելի է անտեսել նյարդաբանական ասոցիացիան։ Ո՞վ պետք է որոշեր հիվանդանոցների հնարավորությունները, ո՞վ պետք է հաշվարկեր հիվանդների քանակը, հոսքը, մենք դարձել ենք ընդամենը կատարող, ումից պահանջում են, որ պետք է աշխատել այսպես։ Մենք կատարող չենք, մենք մեր մասնագիտության տերն ենք և մեր երկրի տերն էլ ենք»,- նշեց Մանվելյանը։
Քննարկմանը ներկա էին վերը նշված հիվանդանոցների ներկայացուցիչները, ովքեր համաձայնեցին մասնագետի մտահոգությունների հետ։ Ներկա էր նաև ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
«Ծրագրում գտա բազմաթիվ թերություններ՝ չհաշված թարգմանությունը և այլ չհստակեցված կետեր։ Եթե այս լուրը լսելով բոլոր նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտները պահանջեն հոսպիտալացում, ինչպե՞ս է իրականանալու զտումը, մերժումը, եթե հիվանդը ծրագրային պացիենտ չէ։ Ո՞վ է ձևակերպելու մերժումը, որ հետո չառաջանա ժողովրդի դժգոհությունը։ Կամ եթե հիվանդը ենթակա է ծրագրին, սակայն պատասախանատու երկու հիվանդանոցներում էլ ասում են, որ իրենց մոտ տեղերը սպառված են, ի՞նչ ենք անելու , ու՞ր ենք ուղարկելու, այս ամենը խոսում է այն մասին, որ բացարձակ չմշակված ծրագիր է՝ առանց հնարավոր ռիսկերի գնահատման։ Արդյոք առողջապահության նախարարությունը հստակեցրել է այն բժիշկների թիմերին, որոնք աշխատելու են այդ կատեգորիայի հիվանդների հետ»,- իր ելույթում նշեց ԵՊԲՀ Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը։
ԵՊԲՀ-ի Նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, նյարդավիրաբույժ Ռուբեն Ֆանարջյանը, ով մասնակցել է ծրագրի մշակմանը, չժխտեց, որ ծրագրում խնդիրներ կան և որպես նյարդավիրաբույժ միայն ուրախ և շնորհակալ կլինի, որ այլ ԲԿ-ներում ևս սկսեն կիրառել նշված թերապիան։
«Իհարկե կան խնդիրներ, բազմաթիվ չլուծված հարցեր, բայց սկզբունքը ծրագրի համարում եմ դրական։ Հասկանում եմ, որ ծրագրի վրա կարող էր աշխատել ավելի մեծ զանգված։ Ես ըմբռնումով եմ մոտենում բոլոր դիտողություններին»,- ասաց Ֆանարջյանը։
«Նաիրի» բժշկական կենտրոնի անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար Հենրի Բակունցն էլ նշեց. «Ազգային ծրագրի մեջ մտնելու է մոտավորապես 250 հիվանդ, որի համար մոտավորապես ծախսվելու է 400 մլն դրամ, բայց ամեն տարի Հայաստանում 6 հազար ինսուլտի դեպք է լինում։ Պատեկացնու՞մ եք՝ այս սելեկցիան ինչպես պետք է արվի։ Բարդություններ են զարգանալու՝ իրականացնելու հետ կապված, ո՞վ է զբաղվելու դրանով»։
Պրակտիկ բժիշկ Մարինա Խաչատրյանն էլ հավելեց, որ սա այն ծրագիրն էր, որը պահանջում էր լայն քննարկում՝ ՀՀ և Արցախի համապատասխան բոլոր մասնագետների հետ. «Փաստացի՝ այդպիսի քննարկումներ չեն եղել, ինչը սխալ եմ համարում։ Ծրագրից տեղեկացված չեն նաև մեր քաղաքացիները։ Մտածում են՝ վերջ, ինսուլտ է, գլխի հետ կապված խնդիր է, ուրմեն՝ ծրագրով է»։
Հովհաննես Մանվելյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «Ոչ ոք կասկածի տակ չի դնում այս ծրագիրը, բայց ներդրումը, ձևն ու եղանակը պետք է համապատասխան լինի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան