Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը, ով միջազգային տարբեր ծրագրերի շրջանակում հաճախ է գյուղատնտեսության ոլորտում գիտահետազոտական աշխատանք իրականացնում, փաստում է՝ կառավարության ծրագրի գյուղատնտեսությանը նվիրված բաժնում որևէ ցուցիչ չկա։
«Ռազամավարությունները, ծրագրերը պետք է ունենան փիլիսոփայություն և առանցք, որոնց շուրջ կառուցվում են հիմնական դրույթները, և երկրորդ՝ պետք է ունենան հստակ ցուցիչներ։ Իսկ եթե ավելի գլոբալ՝ ապա ծրագիրը պետք է ունենա չափելի արդյունք, կոնկրետ ֆինանսավորման աղբյուրներ ու ժամանակացույց»,-մանրամասնեց Պիպոյանը։
Նրա խոսքով, հենց դրանք են հնարավորություն տալիս վերահսկելու՝ արդյոք պլանավորած արդյունքին նշված ժամանակահատվածում հնարավո՞ր եղավ հասնել, թե՞ ոչ։ Ցուցիչների բացակայության հետևանքով մասնագետը դժվարանում է որևէ կարծիք հայտնել ոլորտի համար նշված ծրագրերի մասին։
«Գրված է. «Կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ»։ Իսկ կառավարությունը փորձե՞լ է հասկանալ, թե որն է այդ հողերի անմշակ լինելու պատճառները, և ի վերջո, այդպիսի դրույթ հիշում եմ նաև հեղափոխական ռազմավարության մեջ, վեց ամսվա ընթացքում փորձե՞լ են պարզել պատճառները։ Էէէ, ես էլ շատ բան կարող եմ անթույլատրելի համար, օրինակ, անթույլատրելի եմ համարում առանց ցուցիչների կառավարության ծրագիր ներկայացնելը»,-ասաց գյուղատնտեսության ոլորտի գիտակը։
Միաժամանակ նշում է, այո, ծրագրում լավ բաներ են նշված, բայց դրա հիման վրա հետագայում հնարավոր չէ հետևություն անել՝ կատարվեցի՞ն ծրագրերը, թե՞ ոչ։
«Որպես ոլորտային մասնագետ, ինձ համար շատ կարևոր է, երբ կամայական փաստաթուղթ ունի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ տարանջատված հստակ ցուցիչներով ծրագրեր, որպեսզի կարողնանաք հետևել դրանց արդյունքների կատարմանը»,-ասաց նա։
Պիպոյանը դժվարանում է կարծիք հայտնել, թե ծրագրում ինչո՞ւ են բացակայում ցուցիչները։ Հավանական մի քանի պատճառ է նշում, իսկ հստակեցումը թողնում կառավարությանը՝ կամ թվեր չունեն, ռեսուրսը սուղ է, ժամանակը կարճ է իրատեսական հաշվարկների իրականացման համար։
Ծրագրում ասված է. «Աջակցել ագրոպարենային համակարգի սարքավորումների, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև սննդի անվտանգության համակարգերի ներդրմանը»։ Պիպոյանին այս տողն էլ է զարմացնում, բազմաթիվ մեխանիզմներից որ մեկն է պատրաստվում ներդնել կառավարությունը։
«Գիտե՞ք՝ քանի մեխանիզմ կա։ Ես կարդում եմ՝ չեմ հասկանում, թե որ մեխանիզմի մասին է խոսքը»,-ասում է սննդագետն ու ընդգծում, առանց խնդիրների քարտեզագրման լուծումները պատկերացնելն անհնար է, իսկ ոլորտի պրոբլեմներին տիրապետելու համար պետք է լսել ֆերմերներին։
Նա ընդգծում է՝ պատասխանատվություն ստանձնելը մի բան է, դրա տակից պատվով դուրս գալն այլ բան։
Պիպոյանի խոսքով, վերջին տարիներին այս ոլորտում ոչ պրոֆեսիոնալ մոտեցման հետևանքով խնդիրները պակասելու փոխարեն ավելացել են, կան ոլորտներ, որոնք նախ պետք է բերել հասցնել տասը տարի առաջվա մակարդակին։ Կառավարության ծրագրից դատելով՝ Պիպոյանը դժվարանում է ասել, սիրողական մոտեցումը շարունակվելու է, թե՞ ոչ։
«Ինձ տվեք չափորոշիչներ, որպեսզի ես կարողանամ գնահատական տալ, արտակարգ դրույթներ են, բայց գնահատման չափանիշը ծրագրում դրված չէ։ Հայտնի անեկդոտ կար։ Մեկը հարցնում է՝
-Այս լոբին վաճառվո՞ւմ է։
-Չէ, չի վաճառվում։
-Իսկ ինչքանո՞վ չի վաճառվում»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Նոր կառավարությունն իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից
- «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Իոաննիսյան. Ո՞վ է հակահեղափոխական
- Ստեփան Դանիելյան. Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան