Մարզպետարանին չի հետաքրքրում կոկորդիլոսներից ստացված ոչ եկամուտը, ոչ ծախսը, ոչ ձախողումը
Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան հիմնելու հարցը շարունակում է մտահոգել ոչ միայն բնապահպաններին, այլև ցանկացած առողջ տրամաբանության տեր մարդու։
«Հասարակական ձայն» և «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպությունների՝ պատկան մարմիններին ուղղված վերջին պաշտոնական հարցումներից պարզ է դառնում, որ կոկորդիլոսաբուծարանի համար դեռևս ոչ հողհատկացում կա, ոչ էլ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն։
Պաշտոնական հարցումների և հետագա անելիքների մասին Panorama.am-ը զրուցեց «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանի հետ։ Նա նշեց, որ դիմել են թե Բնապահպանության նախարարությանը, և թե Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։
«Մենք պաշտոնական նամակներով դիմել են Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, խնդրել ենք, որպեսզի պատասխանեն մեր հարցին՝ արդյո՞ք «Ապշանք էկո այգի» կազմակերպության ծրագիրն անցնելու է փորձաքննություն, մեզ գրավոր պատասխանեցին, որ իրենց ոչ մի ծրագիր չի ներկայացվել, ոչ մեկն իրենց հայտ չի տվել շրջական միջավայրի փորձաքննություն անցնելու, բայց նրանք անպայման պետք է անցնեն շրջակա միջավայրի փորձաքննություն։ Դրանից հետո դիմեցինք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին, թե ինչի հիման վրա են վարձակալությամբ հող տրամադրվել ծրագրի համար և ստացանք Արթուր Գրիգորյանի մանրամասն պատասխանը, ինչից հետևում է, որ տեսչական մարմինը դիմել է Արարատի մարզպետին և իմացել, որ ոչ մի հող էլ հատկացված չէ»,- մասնրամասնեց Ադամյանը։
Բնապահպանները այս ամենով չեն բավարարվել, նրանք հարցումներ են ուղարկել նաև Առողջապահության ու Արտակարգ իրավիճակների նախարարություններ, ինչպես նաև Սննդի անվտանգության տեսչություն։
«Բոլոր տեղերից մեզ պատասխանել են, որ ոչ մի նախագծի իրենք ծանոթ չեն, ոչ մեկն իրենցից չի ստացել որևէ փաստաթուղթ»,- նշեց բնապահպանը։
Ադամյանը հայտնեց, որ այս ծրագրի իրականացման համար չկա նաև Սիտեսի թույլտվություն. «Բոլոր էկզոտիկ կենդանիները և նրանց ձվերը եթե ներմուծվում են դեպի մեր երկիր, ներմուծող երկիրը Սիտեսի միջազգային կազմակերպության փաստաթուղթ է տալիս, այս մարդը ոչինչ չունի։ Հիմա մենք կրկին հարցում ենք ուղարկում Բնապահպանության նախարարություն, ՊԵԿ, որոնցով պահանջում ենք մեզ բացատրություն տալ, թե արդյոք իրենց ներկայացրել են նշված փաստաթուղթը։ Հուսով եմ՝ կստանանք սպառիչ պատասխան»։
Մինչ բնապահպանները կստանան իրենց պատասխանները վերը նշված մարմիններից, Panorama.am-ը Արարատի մարզպետարանից փորձեց ճշտել, թե հողհատկացում չկա, որտե՞ղ են պահվելու ներկրված կոկորդիլոսների ձվերը։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ստացանք հետևյալը. «Սույն թվականի մարտի սկզբին տեղի կունենա հողի աճուրդ-վաճառք, սեփականատիրոջ կողմից ձեռք կբերվի հողատարածք, որից հետո միայն կոկորդիլոսի ձվերը կտեղափոխվեն Հայաստան ու արդեն իսկ կպահվեն այդ հողատարածքում։ Նախատեսվում է ձվերը Հայաստան բերել մայիսին»։
Մեր մյուս հարցին, թե արդյոք մարզպետարան ներկայացվե՞լ է բիզնես-ծրագիր, թե որքանով է նպատակահարմար մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելը, սպասվող եկամուտը կգերազանցի կատարվող ծախսերին, պատասխանեցին. «Ստացվող եկամուտների և ակնկալիքների մասին մարզպետարանը տեղեկություններ չունի։ Սույն հարցի վերաբերյալ կարող եք տեղեկություններ ստանալ ծրագրի ղեկավարից»։
Ստացվում է տնտեսության բարձր պոտենցիալ ունեցող մարզի մարզպետարանը պարտաստվում է հողատարածք տրամադրել մի ծրագրի և չի հետաքրքրվել, թե այն ինչպիսի ազդեցության կունենա մարզի համար։
Հարակից հրապարակումներ`
- Ձուն է շուտ եղել, թե... կոկորդիլոսը
- Պոմիդորը թանկ է, … կոկորդիլոս կերեք
- ԲՆ. Կոկորդիլոսաբուծարանը ենթակա չէ բնապահպանական փորձաքննության
- Դաշտավանում կոկորդիլոսաբուծարան կստեղծվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան