Ջանջուղազյանը՝ կառավարության ծրագրի, պարգևավճարների մասին
«Օրինաչափ է որևէ ծրագրի քննադատությունը»,- այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ խորհրդարանում տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով հարցին, թե կառավարության ծրագիրը քննադատության տեղիք է տվել, քանի որ այնտեղ բացակայում են կոնկրետ թվերը:
Նրա խոսքով՝ այն տեսակետը, թե կառավարության ծրագրում պետք է մենակ թվեր լինեն, կամ եթե ինչ-որ թիվ չկա, ուրեմն այդ ծրագիրը թերի է, բնականաբար, նման տեսակետներ կարող են լինել, բայց որպես բացարձակ ճշմարտություն չի կարող ընդունվել: «Ներկայացվող ծրագրին պահանջներ չկան, հետևաբար, յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում, թե ինչը շեշտադրի ու ինչ չափով»,- ընդգծեց նախարարը:
Դիտարկմանը՝ ընդդիմախոսները նշում են, որ այդ թվերը չկան, ինչը նշանակում է` կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ որևէ մեկի ճաշակով որևէ թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին այդպիսի գնահատական տալն առնվազն լրացուցիչ ճշգրտման կարիք ունի. «Պատասխանատվությունից խուսափելու մասին այս դեպքում խոսելը տեղին չի»:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե այդպես ինչպես է ստացվել, որ ֆինանսների նախարարը 5 մլն դրամից ավելի պարգևավճար ու աշխատավարձ է ստացել, նախարարը պատասխանեց. «Իմ զբաղեցրած պաշտոնը վերջին 20 տարվա ընթացքում այնպիսին է, որ կան օրենքով նախատեսված պահանջներ, թե որքան չափով ես պետք է հրապարակային լինեմ, թե ինչ անձնական տվյալներ եմ պարտավոր հրապարակել և դրանք հրապարակված են: Դուք կարող եք հանգիստ ուսումնասիրել, թե որքան եմ ստացել 2017 թվականին աշխատանքի դիմաց վարձատրություն և դուք ոչ շատ հեռու ապագայում հնարավորություն կունենաք նաև համեմատելու, թե ինչքան եմ ստացել 2018 թվականին: Դա մոտավորապես 10 տոկոսի տարբերություն է: 10 տոկոս ավելի, քան 2017 թվականին»:
Դիտարկմանը՝ ֆինանսների նախարարությունը շուրջ կես մլն դոլարի պարգևավճարներ է բաժանել, արդյոք շատ չէ այդ ցուցանիշը, նախարարը պատասխանեց. «Մեր երկրում լավ կլինի դրամի մասին խոսել դրամային արտահայտությամբ, և այդ շատ ու քիչը ես չէ, որ պետք է համարեմ: Այդտեղ էլ ձեզ պետք է առաջարկեմ առաջնորդվել օրենսդրությամբ»:
Ըստ նրա՝ ԱԺ կողմից հաստատված բյուջեի մասին օրենքով սահմանված չափից ավելի չեն եղել: «2018 թ-ին եղել է ամբողջ աշխատավարձի ֆոնդի 10 տոկոս + 30 տոկոսի չափով: Ինչ վերաբերում է պարգևավճարները հանելուն, ապա ճիշտ հակառակը, 2019 թ-ի բյուջեում բոլորի համար է նախատեսված այդ 30 տոկոսի չափով պարգևատրումները, ինչը Ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի համար նշանակում է նվազում»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին