Մայա Դաղերը կարևորել է Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավորների ու երկու նախարարների դերակատարությունը
«Նորընտիր օրենսդիր մարմնում ձևավորվում է պատգամավորական բարեկամական խումբ և նորընտիր պատգամավորներից շատերը շահագրգռված են Լիբանանի հետ կապերի ամրապնդմամբ»,- այս մասին նշել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր խորհրդարանում Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերի հետ հանդիպմանը։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արժևորելով միջխորհրդարանական փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների խորացման հարցում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային հարթակներում երկու երկրներն ակտիվ համագործակցում են, ինչը պետք է առավել զարգացնել:
Դեսպան Մայա Դաղերը ևս կարևորել է երկու ժողովուրդների դարավոր և ամուր բարեկամությունն ու պատրաստակամություն հայտնել նպաստելու խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության աշխուժացմանը և երկու երկրների համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերին: Այս գործում Մայա Դաղերը կարևորել է հայ համայնքի և Լիբանանի խորհրդարանում 6 հայ պատգամավորների ու երկու նախարարների դերակատարությունը:
Կողմերն անդրադարձել են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: