Ովքեր պարգևավճար չստացան, բայց հարկ էր առաջինը ստանային
Ամանորից հետո մեծ աղմուկ բարձրացրած անհավանական բարձր պարգևավճարների թեման դեռ շարունակվում է քննարկվել: Եթե որոշ մարդիկ համարում են, որ պարգևավճարները նորմալ են, դրանով գնահատվում է պաշտոնյաների կատարած աշխատանքը, շատերի մոտ էլ հարց է առաջանում՝ երկրում իրավիճակի փոփոխությունից հետո, արդյոք, նպատակահարմար էր այդ չափ խոշոր գումարներ հատկացնել:
Մարդիկ նաև հարց են բարձրացնում՝ ինչու պետք է որոշ պաշտոնյաներ, որոնց աշխատավարձն առանց այն էլ բարձր է, 150 տոկոսի չափ պարգևավճար ստանան, իսկ սովորական աշխատողների պարգևավճարները նույնիսկ աշխատավարձի չափով չի եղել, այլ՝ սիմվոլիկ գումար:
Օրեր առաջ Panorama.am-ն անդրադարձել էր Հայաստանի տարբեր մասերում ծառայող պայմանագրային զինծառայողներին, որոնց խոստացած պարգևավճարն այդպես էլ տեղ չէր հասել։ Ի դեպ, այսօր էլ պայմանագրայինները հայտնեցին, որ խոստումները դեռ շարունակվում են, բայց արդեն հույս էլ չունեն, որ իրենց հասանելիք գումարը կստանան:
Նույն խնդիրն առկա է նաև փրկարարների մոտ, այն փրկարարների, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են ամենատարբեր իրավիճակներում: Անխոս բոլորը պարտավոր են ըստ արժանվույն գնահատել հատկապես պայմանագրային զինծառայողների, փրկարարների աշխատանքը, նրանց նվիրվածությունը:
Panorama.am-ի հետ զրույցում մարզերում աշխատող փրկարարներն ասացին, որ իրենք առանց այդ էլ ցածր աշխատավարձ են ստանում, և պարգևավճարները, կարծես թե, փրկություն լինեն: Նրանց խոսքով՝ Ամանորից հետո խոստացել էին, որ բոլորին պարգևավճարներ կտրամադրեն, սակայն չեն տվել, հիմա էլ խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է՝ ոչ մի գումար էլ չլինի:
«Հույս ունեինք, որ աշխատավարձի հետ այդ գումարն էլ կլինի, բայց՝ չկա: Փաստորեն երկրում ոչինչ էլ չի փոխվել, բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյանները պարգևատրվում են, իսկ մեզ, որ գիշեր-ցերեկ դիակներ ենք հանում, մարդկանց ենք օգնում, չեն գնահատում, մենք ոչ մի արժեք չունենք»,- նեղսրտած ասացին փրկարարները:
Հետաքրքիր է, թե պաշտոնյաններն ինչպես կարդարացնեն այս փաստը: Մենք ևս բոլոր սպասողների հետ կսպասենք պատասխանատուների արձագանքին։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ՊԵԿ-ում աշխատելով, միլիոններ են կուտակել և ահռելի պարգևավճարներ ստացել
- Իսկ պայմանագրային զինծառայողները պարգևավճար չստացան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին