ԱԺ վարչության պետն ազատման դիմում է գրել
Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության պետ Գարեգին Պետրոսյանն այսօր դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրելով իրեն ազատել աշխատանքից։
«2014 թվականի օգոստոսի 27-ին, երբ դարձա իրավաբանական վարչության պետի տեղակալ, արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը. շուտով սահմանադրական փոփոխություններն էին, այնուհետև՝ օրենքների համապատասխանեցումն այդ փոփոխություններին:
Երջանիկ եմ, որ հնարավորություն ստացա պետության օրինաստեղծ կյանքի այդ կարևորագույն ժամանակահատվածում լինել Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ, նույն վարչության պետ և իրավական փորձաքննության վարչության պետ՝ համեստ ներդրում ունենալով հիշյալ գործընթացներում:
Շնորհակալ եմ բոլոր-բոլորին, ում հետ այս ընթացքում աշխատել եմ, և բոլոր նրանց, ովքեր կողքիս են եղել դժվար պահերին:
Բաղրամյան 19-ի ձգողականության ուժի մասին բոլորին է հայտնի: Թե պատգամավորներից, թե աշխատակազմից շատերն են այստեղից հեռանալուց հետո կրկին վերադարձել (ինքս էլ 2009-2012 թվականներին ևս աշխատել եմ աշխատակազմում): Այնպես որ, կարծում եմ՝ մի օր կրկին վերադառնալու եմ իմ երկրորդ տուն...
Եվ վերջում, իհարկե, խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին...»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչության պետը:Նշենք, որ Գ. Պետրոսյանն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ցուցակով՝ առաջադրվելով Երևանի Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրական տարածքում։