Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը 2018-ին ենթարկվել է համացանցից գրոհների
Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36,47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32,81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ. 35,14%-ից աճել է մինչև 35,88%, ապա Վրաստանում՝ 22,93%-ից մինչև 26,62%։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29,4%-ը 2017թ. ընթացքում առնվազն մեկ անգամ ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ 2018թ. այդ ցուցանիշը հասել է 30,01%-ի։
Փորձագետները նշում են, որ վեբ-մոդուլով հուսալի հակավիրուսը պաշտպանում է օգտատերերին վնասաբեր/վարակված վեբ-էջից վնասակար օբյեկտների ներբեռնումից։ Վնասաբեր կայքերը հատուկ են պատրաստվում չարագործների կողմից։ Նրանք նաև ձգտում են կոտրել հնարավորինս շատ օրինական կայքեր և այնտեղ ներդնել վնասաբեր սկրիպտներ ու ամենատարբեր նշանակության ծրագրեր՝ կրիպտոարժույթների թաքնված մայներեներ, ծածկագրող-շորթող ծրագրերի ներբեռնման փաթեթներ, անձնական և բանկային տվյալների գողության համար նախատեսված ծրագրեր։ Վարակված կարող են լինել նաև այն վեբ-ռեսուրսները, որոնց բովանդակությունն ստեղծում են օգտատերերը (օրնակ՝ ֆորումները)։