Անի Սամսոնյանը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանին։
Հանձնաժողովի նախագահ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Սամսոնյանին է վստահվել փոխնախագահի պաշտոնը քաղաքական կոնսենսուսի արդյունքում։
«Անկեղծ ասած, եթե ասեմ, որ շատ ծանոթ եմ տիկին Սամսոնյանի գործունեությանը, այդպես չէ, բայց հատկապես վերջին շրջանում հետևելով Երևանի ավագանիում իր գործուներությանը, հատկապես իր վերջին ելույթին՝ «Եկել եմ ձեզ մի քիչ շեղեմ տոնածառի հանդեսից» ես տպավորություն ստացա, որ մենք գործ ունենք իսկապես անաչառ գործչի հետ, ում համար կարևոր է անաչառությունն ու օբյեկտիվությունը։ Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը կկայանա»,- ասաց Զոհրաբյանը։
Անի Սամսոնյանն իր խոսքում նշեց. «Կարևոր է, որ ընդդիմությունն է ղեկավարելու այս հանձնաժողովը, որը կկարողանա ներդնել անհրաժեշտ գործիքներ՝ ոլորտում հաջողություններ գրանցելու համար։ Ես բաց եմ բոլորի հետ համագործակցության համար»։