Վիրահատվել է ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը
Այսօր վիրահատվել է ապրիլյան պատերազում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանը: Վիրահատությունը կատարել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
Համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Panorama.am-ին ասաց, որ էնդոսկոպիկ եղանակով կատարվել է միզապարկի քարերի կոնտակտային քարափշրում և հեռացում: Ըստ նրա՝ վիրահատությունը բարեհաջող է անցել, Ավետիսն արդեն իրեն լավ է զգում:
Նշենք, որ Ավետիսը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 4-ին Թալիշի մարտական գործողությունների ժամանակ, գնդակը մտել է նրա ծնոտը, թիկունքով ներքև իջել և վնասել մի քանի ողը, ողնուղեղը: Բժիշկները թեև հույս չունեին, որ Ավետիսը կապրի, բայց համառ պայքարում էին նրան փրկելու համար: Ավելի քան մեկ ամիս միացված էր արհեստական շնչառության ապարատին, մի քանի անգամ վիրահատել են, այդ թվում՝ բազմաբեկորային վիրավորում ստացած ծնոտը, հեռացրել են ողնաշարի գնդակը, վերականգնել բեկորից վնասված ձեռքի ոսկորը:
Նա քանի ամիս մնացել է Զինվորական հոսպիտալում, իսկ 2017 թվականի հունվարին տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ երեք ամիս վերականգնողական բուժում էր ստացել: Մոսկվայից վերադառնալուց հետո Ավետիսը մինչ օրս վերականգնողական բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, կամ ինչպես իրենք են ասում՝ Զինվորի տանը:
Ավետիսը Panorama.am-ի հետ զրույցում ասել էր, որ մարտական է տրամադրված և ամեն ինչ անելու է, որ քայլի: «Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ, ճիշտ է համառություն, կամքի ուժ է պետք, բայց աշխատում եմ չկոտրվել»,- ասել էր նա:
Հարակից հրապարակումներ`
- Ուրիշ ձև չի կարող լինել, պետք է քայլեմ. Ավետիս Զարգարյան
- «Հույս ունեմ, որ Ավետիսս կքայլի». ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված Ավետիս Զարգարյանին կտեղափոխեն Հնդկաստան
- Քառօրյա պատերազմում վիրավորված Ավետիս Զարգարյանին նոր վիրահատություն է սպասվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան