Կովսականում ջրագծի բարեկարգման ծրագրի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը նախօրեին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։ ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ մասնավորապես, Կովսական համայնքում Գ․ Մարտիրոսյանը խոսել է նաև նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու առաջարկին։
Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Գ․ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաև Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։
Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր և Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային և համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։
Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։