
Մեսսին կրկին լավագույնն է
Արգենտինայի ազգային հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին գլխավորում է այն խաղացողների ցուցակը, որոնք եվրոպական թոփ-ակումբների կազմում ստանում են ամենաբարձր աշխատավարձը։ Արգենտինացին ստանում է 8,3 միլիոն եվրո, ինչը գրեթե երկու անգամ ավելի է, քան պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուի աշխատավարձը։ vesti.ru-ի հաղորդմամբ, ցուցակը կազմել է ֆրանսիական L’Équipe թերթը։
Պորտուգալիայի հավաքականի լիդերը, ով անցած տարի «Ռեալից» տեղափոխվել էր իտալական «Յուվենտուս», ստանում է 4,7 միլիոն եվրո, երրորդը ֆրանսիացի Անտուան Գրիզմանն է մադրիդյան «Ատլետիկոյից»՝ 3,3 միլիոն եվրոյով։
Հետաքրքիր է, որ ցուցակում ընդգրկված թոփ-7 խաղացողներից հինգը իսպակական Լա Լիգայից են։ Բացի Մեսսից և Գրիզմանից, այնտեղ ընդգրկված է նաև Լուիս Սուարեսը («Բարսելոնա», 2,9 միլիոն եվրո), Գարետ Բեյլը («Ռեալ», 2,5 միլիոն), Ֆիլիպե Կոուտինյուն («Բարսելոնա», 2,3 միլիոն եվրո)։
Բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ից ստանում է 3,1 միլիոն եվրո։ «Մանչեսթր Յունայթեդի» խաղացող Ալեքսիս Սանչեսը ստանում է 2,3 միլիոն եվրո, «Բավարիայից» Ռոբերտ Լևանդովսկին՝ 1,4 միլիոն եվրո մեկ ամսում։