Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
Կառավարության նոր ծրագիրը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը որպես ծրագրային ցանկություններ, նպատակներ, նորմալ է գնահատում, բայց նրա համար ամենակարևորն այն է, թե ինչ մեխանիզմներով է այդ ամեն ինչն արվում։
«Այս կարգի դեկլարատիվ ծրագրից հետո երկրորդ քայլը, որ պետք է արվի, պետք է ներկայացվի կոնկրետ մեխանիզմները, թե այդ ամեն ինչին ինչպես ենք հասնում։ Բոլոր նպատակները գեղեցիկ են, լավն են, բայց ասում են՝ բարի նպատակով կառուցված է դժոխքի ճանապարհը։ Բարի նպատակները՝ քիչ են, կարևորն ինչ մեխանիզմներ ենք մենք օգտագործելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում կառավարության ծրագրի՝ մշակույթի ոլորտին վերաբերող դրույթները։
Խոսելով կոնկրետ այն ոլորտի մասին, որն ինքն է ներկայացնում՝ թատրոն, որի մասին ծրագրում մասնավորապես նշված է՝ «թատրոնների հետ կապված նշված է՝ ներդնել կառավարման ժամանակակից համակարգեր, թատրոնների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով», Ռ. Բաբայանն ասաց. «Մշակույթը պահպանելու, զարգացնելու համար ամենաժամանակակից տեխնոլոգիան ժամանակակից աշխարհում մեկենասությունն է, հովանավորչությունը, որը ոչ միայն ֆինանսական գաղափար ունի, նաև հասարակությունն ու բիզնեսը կապել արվեստի հետ։ Դա կլինի ավելի քաղաքակիրթ, որովհետև կա անմիջական ներազդեցություն և ապահովություն մշակույթի զարգացմանը։ Դրա մասին խոսք չկա։ Կարծում եմ՝ շատ կարևոր է։ Որևէ զարգացած երկրում, եթե մենք նայենք, ոչ մի մշակութային օջախ առանց մեկենասության, հովանավորչության չի զարգանում։
Այս պարագայում, կարծում եմ, մեկենասության, հովանավորչության մասին օրենքների բացն իրենց զգացնել են տալու։ Առանց դրա որևէ հարց չի լուծվելու, հնարավոր չի լինի իրականացնել այն նպատակները, որոնք դրված են»։
Լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված Ռ. Բաբայանն ասաց, որ նման խոսքեր շատ է լսում. «Այդ լրացուցիչ ֆինանսավորումը ոչ թե այդքան լրացուցիչ ֆինանսավորում է ենթադրում, ինչքան պետության կողմից այդ ֆինանսավորման նվազում։ Դա վտանգավոր է, եթե դա նկատի ունի ծրագիրը»։
Անդրադառնալով ժամանակակից արվեստի ոլորտում կառավարության ծրագրային նպատակներին, մասնավորապես՝ ստեղծել ժամանակակից արվեստների ոլորտներում օրենսդրական դաշտ, նա նշեց. «Ժամանակակից արվեստը, նորարարությունը, երիտասարդներին աջակցելն առանձին տողով երևի այդ օրենսդրության մեջ պետք է նշված լինի։ Հաճախակի այն, ինչ-որ ժամանակակից ու նորարարական է, միշտ չէ որ միանգամից գտնում է լայն արձագանք, լայն լսարան։ Իսկապես, այդ ամեն ինչին աջակցելու պահանջ կա, միգուցե ավելի շատ, քան դասական ոճերին, ձևերին։ Պարզապես պետք է բնորոշել, թե ինչ է նշանակում ժամանակակից արվեստ, որպեսզի ժամանակակից արվեստի ամենակարևոր բաղադիրչը՝ արվեստ հասկացողությունը, դուրս չմնա, միևնույնն է լինի դա արվեստ»։
Հարակից հրապարակումներ`
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Արթուր Ղազինյան. Նոր կառավարությունն իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից
- «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին