Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ՈւրբանԱրթ փառատոնը
Փետրվարի 27-ից մարտի 19-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւրբանԱրթ (քաղաքային արվեստ) փառատոնը, որը նախաձեռնել է VisualGapGallery-ին (Հայաստան), Երևանի «Գյոթե կենտրոնը» (Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լեզվի և մշակույթի արտաքին ինստիտուտի գործընկեր) և Gangeviertel արվեստի կենտրոնը (Գերմանիա)։
Կազմակերպիչները նշում են, որ փառատոնի առաջին փուլի ընթացքում կլինեն կրթական միջոցառումներ (վարպետության դասեր), իսկ երկրորդ փուլն իրենից ներկայացնելու է 4 – օրյա միջոցառումների ցանկ՝ բաղկացած միևնույն տարածքում տարբեր տեխնիկաների (գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոեկտում, մետաքսագրություն) հանրային ցուցադրումից։ Փառատոնը կեզրափակվի համերգով և ցուցահանդեսով։
Փառատոնի նպատակն է ծանոթացնել մասնակիցներին ստեղծագործական այլընտրանքային տեխնիկաներին, դրանց կիրառմանը, գաղափարների մարմնավորմանն այդ տեխնիկաների միջոցով, տեղի ընտրությանը՝ ժամանակակից քաղաքաշինական միջավայրում և ՍթրիթԱրթի արդի համաշխարհային դրսևորումներին և կանոններին։
Կայացած ասուլիսում VisualGapGallery-ի հիմնադիր-արվեստագետ, «Երևան ՈւրբանԱրթ - 2019» փառատոնի ծրագրի համադրող Մերի Մունը նշել է, որ արվեստի այս ուղղությունները Հայաստանում լայն ճանաչված չեն, և փառատոնի նպատակը կլինի հանրությանը ներկայացնել ՍթրիթԱրթի տեխնիկայի նրբություններն ու մատուցման եղանակները։
Նրանք, ովքեր կցանկանան մասնակցել վարպետության դասերի, կարող են մանրամասներին ծանոթանալ «Երևան Ուրբան Արթ Փառատոն 2019» ֆեյսբուքյան էջում։