Կարծում եմ՝ կկարողանանք արդարացնել հանրության սպասելիքները. Հերիքնազ Տիգրանյան
ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին միաձայն ընտրեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:
«Ակնկալիքները այս հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, քանի որ իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից։ Կարծում եմ՝ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները: Կարծում եմ նաև՝ երկար տարիների ընթացքում կուտակած փորձս կկարողանամ արդյունավետ օգտագործել ի շահ մեր հանձնաժողովի աշխատանքների»,- իր խոսքում նշեց Հերիքնազ Տիգրանյանը։
Հանձնաժողովը նաև հաստատեց աշխատակարգի նախագիծը:
«Սա տիպային աշխատակարգի օրինակ է և ամբողջությամբ արտացոլում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները: Ցանկացած դեպքում, եթե կարիք լինի, կարող ենք նիստ հրավիրել, և աշխատակարգում իրականացնել որոշակի փոփոխություններ»,- հավելեց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: