Հովհաննիսյանի ներկայացրած նախագծով կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կսահամանափակվի
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում միաձայն հանձնաժողովի փոխնախագահը ընտրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանին։
Իր խոսքում Հովհաննիսյանն ասաց, որ այս հանձնաժողովի ուսերին բավականին մեծ ծանրաբեռնվածություն է լինելու։ Խոսելով արդեն իսկ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնություններից՝ պատգամավորն ասաց, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների վաճառքի գովազդը կսահամանափակվի:
«Իմ նախաձեռնությունը վերաբերում է ավարտական, կուրսային, դիպլոմային աշխատանքների, ատենախոսությունների համար վճարովի ծառայությունների մատուցմանը: Սա իսկապես լուրջ խնդիր է կրթության որակի ապահովման համար: Իհարկե, հասկանում եմ, որ իմ առաջարկած այս փոփոխությունը խնդիրն ամջողջապես չի լուծի, քանի որ չունենք մեր ձեռքին օրենսդրական լուրջ գործիքներ արգելելու համար։ Բայց «Գովազդի մասին» օրենքում և Վարչական օրենսգրքում փոփոխության կատարելով մենք կսահմանափակենք դրանց գովազդը»,- նշեց Հովհաննիսյանը:
Հանձնաժողովի փոխնախագահը հայտնեց, որ նախագիծն արդեն պատրաստ է և այն շուտով կներկայացվի։