Շտապ օգնության մեքենային չզիջելու համար վարորդները կտուգանվեն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած և միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհ չզիջելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 20 հազար դրամի չափով:
«Վարորդները ոչ թե զիջելու համար կենթարկվեն վարչական պատասխանատվության, այլ հակառակը՝ չզիջելու»,-քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ընդգծել է ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանը:
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերությունն աշխատում է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բուժխմբերով: Այսօր 1-03 ծառայությունն օրական սպասարկում է շուրջ 740 կանչ:
Քաղաքապետարանից հայտնում են, որ մշակվում են նորմեր՝ կանչերը տարբերակելու և դրանց ավելի նպատակային արձագանքելու համար: Ձեռնարկված քայլերի շնորհիվ արդեն կանչերի քանակի նվազման միտում է նկատվում:
«Եթե 10-15 օր առաջ ունեինք օրական 860-900 կանչ, ապա վերջին շրջանում 700 - 740 կանչ ենք սպասարկում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ նշել է, որ մեծացել է «Շտապբուժօգնություն» ընկերությանը հատկացվող բյուջեն, որի սահմաններում կփորձեն որոշ չափով բարելավել և՛ աշխատանքային պայմանները, և ընդլայնել 1-03 ծառայության հնարավորությունները:
«Ակտիվ քննարկումներ են սկսվել, որ քաղաքացիներին սպասարկող շտապբուժօգնության աշխատակիցները նույնպես պետպատվերի շրջանակներում ընդգրկվեն անվճար առողջապահական ապահովագրական ծրագրում: Մոտավորապես 540 աշխատակցի մասին է խոսքը»,- ասել է փոխքաղաքապետը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ծառայության երկու բժիշկներ ազատման դիմում էին ներկայացրել՝ պատճառաբանլով գերծանրաբեռնված աշխատանքը, ապահովագրության բացակայությունը, ցածր աշխատավարձը։