«Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա». ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստն այսօր սկսվեց սեղանի շուրջ հանձնաժողովի անդամների նստելու տեղը որոշելով։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նախկինում էլ այդ հանձնաժողովի անդամ էր, փորձեց նստել իր հին տեղը, սակայն այն արդեն զբաղեցրել էին, և նստեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի աթոռին։ Վերջինը ևս իր աթոռը զբաղված գտավ։ Հանձնաժողովի նախագահ «Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Խնդրում եմ՝ հանձնաժողովում հարգենք ընդդիմության իրավունքները, եթե նախապատվություն կա նստելու։ Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա»։
Այնուհետև 15 անդամից կազմված հանձնաժողովը հաստատեց կազմը։ Փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։
«Լիահույս եմ, որ անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, համատեղ աշխատանքը կստացվի։ Հանձնաժողովում պետք է բարձր պահել մասնագիտական մակարդակը, ինչպես դա եղել է նախորդ գումարման ԱԺ-ում»,-ասաց Գևորգ Պետրոսյանը։
Նա նաև հանձնաժողովի նախագահին խնդրեց, պահպանելով ընթացակարգը, երբեմն քննարկումների համար հստակ ժամկետներ չդրվի. «Չեմ ասում ով ինչ հարցի մասին ուզենա ազատ թեմայով շարադրություն հնչեցնի, բայց աշխատանքը լինի քննարկման մթնոլորտում»։
Վլադիմիր Վարդանյանը առարկություններ չունեցավ այս դիտարկմանը. «Մենք բավարար ճկունություն պետք է դրսևորենք՝ չխախտելով օրենսդրությամբ նախատեսված պահանջները»։