Վրաստանում ադրբեջանցիները պահանջում են ապամոնտաժել Միքայել Ավագյանի արձանը
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով ապամոնտաժել Ախալքալաքի Բուղաշեն գյուղում վերաբացված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին: «Ալիք մեդիան» հայտնում է, որ ակցիային ներկա են նաև մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ:
Ակցիայի մասնակիցները Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով, իբրև վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլև Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:
Բուղաշենում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաև վրացական մամուլում ու սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվում, հակասական տեղեկություններ նաև Ավագյանի մասին, իբրև նա եղել է աբխազական Բաղրամյան գումարտակի անդամ, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը:
Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր և գյուղի բարերարը, Միքայել Ավագյանի ազգականը միջոցներ էր հատկացրել՝ նոր հուշարձանի համար: Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ, ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ադրբեջանական համայնքը հանրահավաք է անցկացնելու Միքայել Ավագյանի կիսանդրու ապամոնտաժման պահանջով
- Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանը քննարկվել է Վրաստանի խորհրդարանում
- Վրաստանի ԱԳՆ. Աժիոտաժն անտեղի է
- Ջավախքում Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի հուշարձանի բացումը սկանդալ է առաջացրել