«168 Ժամ». Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել
«168 Ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թևը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։
«168 Ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի և իր գործունեությունը ծավալելու է ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Միևնույն ժամանակ՝ ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում երկրի ակտիվ քաղաքական կյանքից՝ անցնելով յուրաքանչյուրն իրենց մասնագիտական գործունեության ծավալմանը, այլ շարունակում են իրենց ձեռքը պահել քաղաքական անցուդարձի զարկերակի վրա՝ իրենց կուսակցական գործունեությունը համատեղելով հարակից ոլորտների հետ։
Մեր այս տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաև Արմեն Աշոտյանը։ Մեր այն դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից և միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետևաբար՝ նաև աշխատանքը Հայաստանում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները