Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
«Կառավարության ծրագիրն ամիսներ առաջ ներկայացված ծրագրից շատ չի տարբերվում. նախորդում թվեր ընդհանրապես չկային, այս ծրագիրը ևս թվերով հարուստ չէ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով՝ 70 էջանոց ծրագրում առանձին բաժիներով անդրադարձել են արտաքին և ներքին ավտանգության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացուն, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսությանը, տարածքային կառավարմանն ու տեղական ինքնակառավարմանը, ենթակառուցվածքներին, խոսվում է էներգետիկայի, հանքարդյունաբերության, ջրային տնտեսության, տրանսպորտի մասին, բարձր տեխնոլոգիաների, ֆինանսական կառավարման մասին, բայց ամենախոցելին այն է, որ 70 էջանոց ծրագրում հպանցիկ են ներկայացված թվերը:
Ըստ տնտեսագետի՝ այդ թվերն էլ մտածելու տեղիք են տալիս:
«Գրված է, որ ծրագրային ժամանակահատվածում ՀՆԱ-ի աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5%: Այսինքն՝ «ամենամահացած» վիճակում մենք այդ 5 տոկոսն ունեցել ենք: Հաջորդ թիվը վերաբերում է արտահանմանը: Մասնավորապես՝ ծրագրային ժամանակահատվածի ավարտին, այսինքն՝ 2023թ-ին, ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի: Տնտեսագիտորեն նման բան չի կարող լինել»,- նկատեց Վարդան Բոստանջյանը:
Հարցին, թե միթե մասնագետները չեն աշխատել ծրագրի վրա, տնտեսագետն նշեց, բնական է, որ մասնագետներն աշխատած կլինեն, բայց կարդալուց հետո հասկանում ես՝ տվյալ մասնագետների գիտելիքների, ընկալման մակարդակն այդքան է:
«Կարծում եմ, որ իշխանափոխությունից հետո բոլոր խոցելի, կնճռոտ, անհետաձգելի հարցերին վերաբերող ցուցանիշները՝ աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակի փոփոխություն, աշխատատեղերի ստեղծում, ՓՄՁ-ների խթանում, պետք է լինեին, հակառակ դեպքում, մենք նորից պատասխանատվության ինստիտուտը չենք տեսնում, որ հետո կարողանանք կատարվածի կամ չկատարվածի մասին պահանջներ ներկայացնենք»,- ընդգծեց տնտեսագետը:
Դիտարկմանը՝ տվյալ ծրագրով հնարավոր կլինի՞ հասնել տնտեսական հեղափոխության, Վարդան Բոստանջյանն արձագանքեց՝ այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. «Փոքր երկիր ենք, ռեսուրսներից զուրկ, ֆինանսական մեծ հնարավորություններ չունենք, մեր կառավարման համակարգը չի եղել լավագույներից, բայց այնպիսի պատկերացում չպետք է ստեղծվի, որ ոչինչ չկար և հիմա ենթադրվում է ստեղծել ինչ-որ բան»:
Տնտեսագետի գնահատմամբ՝ հաշվի առնելով ժամանակի գործոնը, կարելի է նման լիրիկական, իրականության հետ քիչ կապ ունեցող ծրագիր ընդունել, իսկ հետագայում էլ ցանկանալ, որ «իշխանության կրողները, որոշում ընդունողներն ի վերջո հասկանան երկիրն ինչ բան է և մտածեն երկիրը երկիր դարձնելու մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Արթուր Ղազինյան. Նոր կառավարությունն իրեն դուրս է դնում հաշվետվողականության տիրույթից
- «Տնտեսական հեղափոխության» մասին խոսող իշխանությունը հանրության դատին է հանձնել խիստ հակահեղափոխական ծրագիր. Թևանյան
- Բաբկեն Պիպոյան. Կառավարության ծրագրի թվերի պատասխանատուները պետք է պատասխան տան վարչապետին
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին