«Գինով եմ, գինով եմ ես էլ»…վերջին բանաստեղծությունը
«Դուք բանաստեղծ եք: Դա ամենագլխավորն է: Դուք խոսքերի հետ չեք խաղում... Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ, բարով եկաք... Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ նոր բաներ... Լեզունմաքուր, զտված և արծաթե զանգի պես հնչուն... Մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի... 1908 թվականին Վ. Տերյանը հրատրակեց իր «Մթնշաղի անուրջները», ու առաջ եկավ երրորդ, նորագույն շրջանը, որի մասին հանդիսավոր ու հավաքական կերպով խոսում ենք էսօր Հայ գրողների ընկերության մեջ»,- գրել է Հովհաննես Թումանյանը հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի մասին։ Այսօր նրա ծննդյան օրն է։
1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում ծնվում է 11-րդ զավակ Վահանը Տերյանը: 1897թ Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Վահան Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում է Ալեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած, անձնավորությունների հետ։
1904 թ. մարտին Ավ. Իսահակյանն այցելում է Լազարյան ճեմարան: Հիշում է. «Ինձ շրջապատեցին մի քանի ուսանող աշակերտներ, որոնց մեջ էր Վահանը: Բոլորն ինձ հարցեր էին տալիս եւ հարցերիս պատասխանում: Վահանը լուռ ու անխոս հետեւում էր մեզ` աչքը վրայիցս չհեռացնելով: Երբ խոսք էի ուղղում նրան, կարմրում էր ու շփոթվում: Մնաք բարին` Վահանը ձեռքս ամուր սեղմեց և շշնջաց. «Շատ ուրախ եմ, որ Ձեզ տեսա»: Ես հրավիրեցի նրան ինձ մոտ»: Մի երկու օր հետո Վահանը ընկերոջ հետ այցելում է Ավ. Իսահակյանին, ցույց է տալիս մոմլաթե կազմով հաստ տետր, որի վրա դանակի ծայրով փորագրված էր. «Արիւն»: «Մի՞թե արյան բանաստեղծություններ ես գրում»,- հարցնում է: Ավ. Իսահակյանի տարակուսանքը փարատվում է, երբ վերջից կարդում է «Նիւր»: Ճեմարանի տեսուչ Վասիլ (Բարսեղ) Գասպարյանի դուստր Աննան կոչվում է նաև Նյուրա, ում նկատմամբ Տերյանը սեր է ունեցել:
«Նա (Տերյանը) մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜ սերը, և՜ հայրենիքը, և՜ բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜ նյութը, և՜ լեզուն .... Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»,- գրել է Ավետիք Իսահակյանը:
1919 թվականի նոյեմբերին Սամարայում գրում է իր վերջին բանաստեղծությունը. «Գինով եմ, գինով եմ ես էլ»…
1919 թ. Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
«Վահան Տերյան, ինչպե՞ս երգեմ հիշատակը քո, Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո։ Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա, Քամին բերե թող մահվան բոթ, ու անձրևը լա։ Եվ թող թափվեն շուրջս աշնանտերևներ դեղին Եվ զարդարեն, Վահան Տերյան, քո անցած ուղին։ Ու մշուշում տխո՜ւր երգով բյուրավոր զանգեր Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր... »,- գրել է Եղիշե Չարենցը:
Հարակից հրապարակումներ`
- Վահան Տերյանն անընդհատ մեզ հետ է. Առուշան Հակոբյան
- Նոր բացահայտումներ Վահան Տերյանի մասին. Բանաստեղծի ծոռը մենագրություն է պատրաստում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան