Մանկական քաղցկեղն այն չարիքն է, որը հաղթահարելու համար պետք է միավորել բոլորի ջանքերը. Ռայա Սաաբ
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր տեղի ունեցավ Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որին մասնակցում էին չորս տասնյակից ավելի երկրների 180-ից ավելի առաջատար մասնագետներ:
Աշխարհի բժշկական կենտրոնների հեղինակավոր բժիշկները, որոնք մեծ ավանդ ունեն մանկական ուռուցքաբանության բնագավառում, գիտաժողովի ժամանակ քննարկեցին ողջ աշխարհին անհանգստացնող մանկական ուռուցքաբանությանն առնչվող չափազանց կարևոր հարցեր, ներկայացրեցին իրենց երկրների փորձը։ Մասնագետները ևս մեկ անգամ հաստատեցին, որ քաղցկեղը 21-րդ դարի գլխավոր խնդիրներից մեկն է և դրա հաղթահարման համար ոչ միայն բժշկական, այլև պետական աջակցություն է պետք:
ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ մանկական ուռուցքաբանության բնագավառում Հայաստանն առաջին անգամ է կազմակերպում նման լայնածավալ գիտաժողով, որը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման համար:
Նրա խոսքով՝ գիտաժողովի հիմնական թեման մանկական ուռուցքաբանությանը վերաբերող խնդիրներն են՝ սնուցումը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան, վիրաբուժությունը, համալիր բուժման եղանակները, որոնք լայն կիրառում ունեն աշխարհում:
Արմեն Մուրադյանն ասաց, որ գիտաժողովը պարտավորեցնող է, քանի որ հենց Հայաստանն է՝ մասնավորապես ԵՊԲՀ-ն, ընտրվել որպես հարթակ, որտեղ հավաքվել են մանկական ուռուցքաբանության ոլորտում մեծ ներդրում ունեցող մասնագետներ և կիսվում են իրենց փորձով:
Ռեկտորն անդրադառնալով Հայաստանում հիվանդության տարածվածությանը՝ նշեց, որ մեր երկիրը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել: «Մանկական մահացություն բառակապակցությունն ինքնին դժվար արտաբերվող է: Մանկական քաղցկեղ ախտորոշումը դեռևս մնում է ամենածանր խնդիրներից մեկը: Քաղցկեղն աշխարհում տարեկան 100 հազար երեխայի կյանք է խլում: Ցավոք, Հայաստանը ևս զերծ չէ այդ հիվանդությունից, մանկական ուռուցքային հիվանդացության ցուցանիշը համեմատաբար բարձր է, թեև վերջին տարիներին հասել ենք լուրջ հաջողությունների»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ եթե 15 տարի առաջ մանկական քաղցկեղից մահացությունը կազմում էր 50-60 տոկոս, այսօր մեր երկրում հնարավորություն ունենք ապահովել մինչև 80 տոկոս ապրելիություն:
Արմեն Մուրադյանը կարևորեց նաև «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական-արյունաբական ու պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական ծառայությունների միավորումը՝ նշելով, որ միավորումն առաջին հերթին կբարելավի կրթական ծրագրերի որակը, ինչի արդյունքում միջազգային բժշկագիտությունը կհարստանա հայկական նորամուծություններով:
Գիտաժողովի շրջանակներում Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի, Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի ներկայացուցիչներն արժանացան ԵՊԲՀ-ի ոսկե մեդալի:
ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման էլ արժանացավ Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոնի տնօրեն, Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ռայա Սաաբը: Նա մանկական սարկոմաների աշխարհահռչակ էքսպերտ է, ներկայումս նաև Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի գիտական ղեկավարն է: 2017 թվականից պրոֆեսոր Սաաբը համատեղությամբ նաև Երևանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր է:
Ռայա Սաաբը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանը:
Նա նշեց, որ ավելի քան յոթ տարի համագործակցում է ԵՊԲՀ-ի մասնագետների հետ: «Կարևորում եմ այդ համագործակցությունը, որն ունի մեկ նպատակ՝ օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին: Մանկական քաղցկեղը այն չարիքն է, որը միայնակ ոչ մեկ չի կարող հաղթահարել՝ հարկ է միավորել ջանքերը, լինել կողք-կողքի։ Ահա թե ինչու է կարևոր, որ մանկական ուռուցքաբանները ողջ աշխարհից միավորեն իրենց գիտելիքներն ու փորձը՝ օգնելու երեխաներին և ծնողներին հաղթահարել այն»,- ասաց Ռայա Սաաբը:
Նրա խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար միայն բժիշկների ջանքերը բավարար չեն, այստեղ պետք է ներգրավված լինեն նաև կառավարությունները, մասնավոր հատվածը, հիմնադրամները. «Գիտեք, որ բժշկական ծախսերը գնալով աճում են, գումարներ են հարկավոր նոր տեխնոլոգիաներին տիրապետելու, դրանք կիրառելու համար, դրա համար պետք է միավորել բոլորի ջանքերը»:
Անդրադառնալով Հայաստանում մանկական ուռուցքաբանության խնդիրներին, մասնագետների պատրաստվածությանը, նա ասաց, որ դժվարություններ դեռ կան, բայց կարելի է հպարտանալ հայ մասնագետներով, որոնց գրանցած արդյունքները հուսադրող են.«Մենք համատեղում ենք մեր ջանքերը. ոչ մի երեխա չպիտի մահանա քաղցկեղից»։
Ռայա Սաաբը անդրադառնալով հայ և այլազգի մասնագետների համագործակցությանն՝ ասաց, որ համատեղ ուժերով անում են հնարավորը՝ բարելավելու Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը։
Նշենք, որ պրոֆեսոր Սաաբը Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի խորհրդի պատվավոր անդամ է: Նա բժշկական կրթությունը ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանում, այնուհետև մանկաբուժության ռեզիդենտուրան Դյուկի համալսարանում (ԱՄՆ), իսկ մանկական արյունաբանության և ուռուցքաբանության նեղ մասնագիտացումը՝ Սուրբ Հուդային մանակական հետազոտական հիվանդանոցում (ԱՄՆ), որը համարվում է աշխարհի ամենախոշոր մանկական քաղցկեղի կենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա