Մեղադրելուց բացի, ցանկանում են նաև վիրավորել
Հայաստանի միանձնյա ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանին և զանգովի «արդարադատությամբ» նրա շահերն սպասարկող անձնակազմին քիչ է թվում այն, որ անազատության մեջ է գտնվում Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրանց քիչ է թվում, որ ակնհայտ անհեթեթ մեղադրանք են ներկայացրել պետության նախկին ղեկավարներից մեկին, ով փաստացի քաղբանտարկյալ է:
Վարչապետն ու նրա վենդետային ինքնիրավչությանը իրավաբանական կոստյում սազեցնողները մեղադրելուց բացի, ցանկանում են նաև վիրավորել Ռոբերտ Քոչարյանին:
Վերաքննիչ ատյանի երեկվա նիստից հետո, լրագրողների հետ կարճատև հարցուպատասխանի ընթացքում մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանի ասածը, թե՝ իրենք գտել են, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է թաքնվել քննչական մարմիններից, հնչում է որպես վիրավորանք: Նման ֆրազը վիրավորական է հնչում և՛ Ռոբերտ Քոչարյան պետական ու քաղաքական գործչի հասցեին, և՛ ողջամտության նկատմամբ:
Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը և կենսագրությունը լավագույն հակափաստարկն ու պատասխանն է «թաքնվելու» թեմայով հիշատակյալ մեղադրողի արտաբերած անհեթեթությանը:
Անկախ ամեն ինչից, Ռոբերտ Քոչարյանը մարտնչող տեսակից է:
Նա չի թաքնվել Արցախի ինքնորոշման շարժման ժամանակ, չի թաքնվել պատերազմի օրերին, չի թաքնվել հետագա այլևայլ փորձությունների ժամանակ: Թե այսօր տարբեր ամբիոններից ճառողները որտե՞ղ էին թաքնված Արցախի ազատագրական, ինքնապաշտպանական պատերազմի շրջանում, թող իրենք խոստովանեն կամ ինքնախոստովանական ցուցմունքներով հանդես գան: Իսկ Ռոբերտ Քոչարյանը այդ տարիներին առաջնորդում էր այդ պայքարը, որպես ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ: Եվ նա դրա համար առանձնապես կարող է հպարտ լինել, ի տարբերություն նրանց, ովքեր պիտի թաքցնեն կամ փախցնեն իրենց հայացքները, եթե նրանց հարցնեն, թե՝ ո՞ւր էին պատերազմի տարիներին:
Ինչ վերաբերում է կոնկրետ քննարկվող «գործին», որի շրջանակում վերը նշված անհեթեթությունն է ներկայացրել մեղադրող կողմը, ապա թաքնվելու մասին ասվածը կրկնակի վիրավորական է հնչում նաև ողջամտության ու տրամաբանության տեսակետից:
Քննությունից խուսափելու պիտակ են փորձում «կարել» մի գործչի վրա, ով գտնվելով արտերկրում, հենց տվյալ «գործին» ու քննությանը մասնակցելու նպատակով վերադարձավ հայրենիք: Այս ընթացքում տված հարցազրույցներում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ շեշտեց, որ եթե բանը հասնի կալանքին, ապա պատրաստ է նաև դրան: Եթե որևէ մեկը քննությունից թաքնվող լիներ, կթաքնվեր, այլ ոչ թե իր կամքով ու ցանկությամբ կվերադառնար:
Եվ ի՞նչ է նշանակում, թե՝ «դատախազությունը գտնում է, որ նա կարող է»: Դա ի՞նչ մոտեցում է, կոնկրետ ո՞վ է գտնում և ինչի՞ց ելնելով է գտել: Դատախազը, մեղադրողը պետք է մինիմումը՝ հիմնավոր ենթադրություն ունենա, այլ ոչ թե իր վախերն ու կասկածները դնի անձի կալանավորման հիմքում:
Իսկ ի՞նչ չասաց մեղադրող դատախազը:
Նա չասաց, օրինակ, որ գործող իշխանությանն ու Հայաստանի միահեծան վարչապետին պրոպագանդիկ կտրվածքով խիստ անհրաժեշտ է, որ 2019թ. մարտի 1-ի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը շարունակի լինել կալանքի տակ: Դա Նիկոլ Փաշինյանին թույլ կտա մի որոշ ժամանակ էլ խաղալ մասսայի հույզերի վրա՝ շեղելով օրեցօր ավելի խայտառակ դարձող սոցիալ-տնտեսական վիճակից ու «դատարկ սառնարաններից»:
Նա չասաց, օրինակ, որ գործող իշխանությանն ու Հայաստանի միահեծան վարչապետին քաղաքական կտրվածքով խիստ անհրաժեշտ է, որ Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ կալանքի տակ, և դա՝ ոչ «քննությունից թաքնվելու» երևակայական կասկածների պատճառով: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը (կարևոր չէ, թե ինչ պատրվակով) գործող իշխանության համար քաղաքական անհրաժեշտություն է, քանի որ ազատության մեջ երկրորդ նախագահը ժամանակ կունենա ավելի շատ կենտրոնանալ կուսակցություն ձևավորելու իր հայտարարած մտադրության իրականացմանը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը կարող է ջախջախված և ցաքուցրիվ քաղաքական դաշտում ընդդիմադիր ճամբարի միավորման դեր կամ գործոն դառնալ: Գործող հեղափոխական կառավարությունը սակայն, ոչ մի կերպ չի կարող հանդուրժել, որ իրական ընդդիմություն ունենա: Նույնիսկ իր «անցկացրած» ԱԺ ձևական ընդդիմությունը հազիվ է հանդուրժում:
Նա չասաց, օրինակ, ամենից սարսափելի բանը: Չասաց, որ Արցախի հարցում հակառակորդի հետ վերելակներում, դավոսներում ժամուկեսանոց բանակցություններ վարող, խաղաղության ինչ-որ պատրաստություններ տեսնող իշխանությանը պետք է, որ Արցախի ազատագրական պայքարի ծանրությունը հաղթականորեն կրած ու այդ հաղթանակը կռած գործիչը լինի բանտում: Որ հանկարծ չխանգարի: Հասկացաք՝ ինչին չխանգարի:
(Գալուստ Գրիգորյան)
Հարակից հրապարակումներ`
- Ալումյանը՝ իր հայտարարության ու Քոչարյանի գրքում նկարագրության տարբերությունների մասին
- Փաստաբան. Հստակ ասել, թե մարտի 1-ին Քոչարյանը կլինի կալանքի տակ, հնարավոր չէ
- Փաստաբան. Պարոն Քոչարյանը համոզվեց, որ այս գործով ինքը ենթարկվում է քաղաքական հետապնդման
- Դատախազ. Քոչարյանը կշարունակվի մնալ կալանավորված
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան