Հարություն Խաչատրյան. Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը, նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նախկին նախարարին, կրթության և գիտության նախարարին՝ կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ հացադուլ հայտարարելու հետ կապված:
«Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի հայտարարած հացադուլն արդեն ուղղակիորեն սպառնում է նրա առողջությանն ու կյանքին: Իրավիճակի վատթարացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, մանավանդ, որ կինոռեժիսորն այս քայլին դիմում է արդեն երկրորդ անգամ:
Դեռ առաջին անգամ հայտարարված հացադուլի առաջին իսկ օրը հանդիպել եմ Հովհաննես Գալստյանին, հորդորել՝ չդիմել նման ծայրահեղ միջոցների, դադարեցնել հացադուլը, փորձել երկխոսության, բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Առաջարկել եմ նաև իրավական խորհրդատվություն:
Այդ օրերին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած հանդիպումը հույս ներշնչեց, որ կինոռեժիսորի կողմից բարձրացված խնդիրը կքննարկվի, կգտնվեն լուծումներ, բայց, ցավոք, այն մնաց չլուծված:
Այսօր ստեղծված իրավիճակը դուրս է ողջամտության բոլոր սահմաններից: Չկա առավել թանկ բան, քան մարդու կյանքը: Չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Չկան հարցեր, որոնք անհնար է կարգավորել երկխոսության միջոցով: Այս օրերին ևս դիմել ենք Հովհաննես Գալստյանին՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող հացադուլը դադարեցնելու խնդրանքով, մեզ հասու բոլոր միջոցներով խնդրի կարգավորմանն աջակցելու առաջարկով, բայց կինոռեժիսորն անդրդվելի է:
Նկատի առնելով ստեղծված իրավիճակը, մարդու կյանքի ու առողջության պահպանման անքննարկելի, անվիճելի գերակայությունը, դիմում եմ ՀՀ մշակույթի նախարարությանը, ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, ՀՀ մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար տիկին Լիլիթ Մակունցին, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կինոռեժիսորը դադարեցնի հացադուլը, և որպեսզի քննարկվեն կինոռեժիսորի բարձրացրած հարցի կարգավորման հնարավոր բոլոր միջոցները երկխոսության միջոցով»,- նշված է Հ. Խաչատրյանի դիմումում:
Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվար 3-ից հացադուլ է հայտարարել և անհապաղ պահանջում է՝ վերսկսել «Տատիկիս Վարսերը»՝ պատմության մեջ առաջին հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի պետական ֆինանսավորումը՝ համաձայն ֆիլմի հանդեպ 13.11.2015թ․ Nօ․329 գրությամբ ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորությունների, վերադարձնել «Տատիկիս Վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017թ-ին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։
Հարակից հրապարակումներ`
- Այդ դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ ես կարող եմ հրաժարվել իմ ֆիլմին հատկացված գումարից
- Հացադուլ հայտարարած ռեժիսոր. Մի ֆիլմի պայքար չէ
- Հացադուլ հայտարարած ռեժիսորին է այցելել Վահան Արծրունին
- Նաիրա Զոհրաբյան. Որպեսզի էլի չասենք` ուշացանք
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը կրկին հացադուլ է հայտարարել
- Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը որոշել է դադարեցնել հացադուլը
- Նախկին նախարարի հետ շփումներից հետո նախարարների բանավոր խոսքին չեմ հավատում. Ռեժիսոր Հովհաննես Գալստյան
- Հարություն Խաչատրյանն այցելել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին
- Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին