Ամանորի գիշերը մահացած զինծառայողի քրեական գործով մեղադրյալ չկա
Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Դեպքի մասին հասարակությունն իմացավ ոչ թե պետական մարմիններից, այլ լրատվամիջոցից։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով դեպքի վերաբերյալ տեղեկություն չհրապարակելու պատաճառների մասին հարցին, ասաց.
«Քանի որ դեպքը կապ չունի մարտական հերթապահության ու ծառայողական իրավիճակի հետ, նախաքննությունն այդ հարցում հստակ պատասխան չունի, դրա համար տեղեկությունը չի հաղորդվել»։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում ՊՆ N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում՝ կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը:
Է. Գրիգորյանը տեղափոխվել է Մեղրիի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:
«Նշված դեպքի վերաբերյալ հաղորդումը նույն օրը օրենքով սահմանված կարգով ստացվել է քննչական համապատասխան բաժնում, որից հետո քննիչների կողմից ձեռնարկվել են անhետաձգելի և անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ և 01.01.2019թ. դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,-ասացին քննչական կոմիտեից։
Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին կետը սահմանում է.
«Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»։
ՔԿ-ից նաև ասացին, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, առաջ են քաշված տարբեր վարկածներ, որոնք ստուգելու և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն:
«Քրեական գործով մեղադրյալ չկա»,-ասացին ՔԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին