Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը համարում է, որ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու գործարքի հետ կապված սկանդալը շարունակվում է: Նրա խոսքով, ՊՆ-ի կողմից հրապարակված պատճառաբանությունը չէր կարող հիմք հանդիսանալ Սիրիա ԶՈՒ ստորաբաժանում ուղարկելու համար։
Ֆեյսբուքյան իր էջում նախկին պաշտոնյան մանրամասնում է.
«Երեկ Հայաստանի ՊՆ-ի կողմից որպես իրավապայմանագրային հիմք հիշատակված Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունների միջեւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը (27 օգոստոսի, 2001 թ. Դամասկոս) չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումը Սիրիա ուղարկելու համար:
Ահա թե ինչու:
Իրավական գործընթացի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նշված համաձայնագիրը վավերացվել է 2002 թվականին ՀՀ Նախագահի կողմից: Այն չի անցել Սահմանադրական դատարանում եզրակացության և Ազգային Ժողովում վավերացման գործընթացը, քանի որ համաձայնագրի տեքստը այդ պահին գործող «Միջազգային պայմանագրերի» մասին ՀՀ օրենքի համաձայն չէր պարունակում Հայաստանի Ազգային Ժողովի կողմից վավերացման անհրաժեշտության տարրեր: Մասնավորապես, համաձայնագրում չկային Հայաստանի կողմից ֆինանսական պարտավորությունների և զինված ուժերի ստորաբաժանումներ գործուղելու դրույթներ:
Հետևաբար, նշված համաձայնագրի վերաբերյալ գործող իշխանությունների մեկնաբանությունները բացառապես կամայական են և ակնհայտորեն հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու ՀՀ օրենքներին:
Կառավարության կողմից բերվող անհիմն բացատրությունները ստեղծում են նաև վտանգավոր նախադեպեր՝
1. Գործադիր իշխանության կողմից Զինված ուժերի օգտագործումը նեղանձնական քաղաքական նպատակների համար, շրջանցելով երկրի օրենսդիր մարմինը և սահմանադրական դատարանը:
2. Եթե հիմք ընդունվի վկայակոչվող բացատրությունը, ապա հետայսու Հայաստանը կարող է զորք ուղարկել ցանկացած երկիր, որի հետ ունի ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր՝ անկախ այն հանգամանքից, որ այդ համաձայնագրերը չեն նախատեսում նման գործարք:
Այսպիսով եզրակացնում ենք, որ հայկական զորախումբը Սիրիա գործուղելու փաշինյանական որոշումը ապօրինի է, չունի որևէ իրավական հիմնավորում և կարող էր արվել բացառապես նոր միջազգային պայմանագրի հիման վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Սասնա Ծռեր. Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելը սպառնում է Հայաստանի անվտանգությանը
- Աշոտյան. Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան