Կառավարությունն այս տարի 10 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիաներին
Կառավարությունն այս տարի 10 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիաներին: Այս մասին այսօր «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ. ենթակառուցվածքների զարգացում» խորագիրը կրող համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների տրամադրման նոր կարգին:
Նրա խոսքով՝ նախորդ տարի տեղական ինքնակառավարման համակարգն ի վիճակի չեղավ յուրացնել կամ համապատասխան ծավալի ծրագրեր ներկայացնել: Ըստ վարչապետի՝ նախորդ տարի էլ 10 մլրդ, նույնիսկ 15 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերով ֆինանսավորելու պատրաստակամություն են հայտնել, բայց ծրագիրը մասամբ իրականացվեց, և չկարողացան այդ ցուցանիշին հասնել:
«Մեր նպատակադրումը հետևյալն է՝ քանի որ նաև կարևորագույն խնդիրը ներդրումային միջավայրի և ներդրումային տնտեսական ակտիվության խթանումն է, մենք խնդիր ունենք հիմնականում սուբվենցիոն ծրագրերով իրականացնել ենթակառուցվածքներին վերաբերող ծրագրեր, ինչն, իհարկե, չի բացառում այլ կարգի ծրագրեր: Բայց հիմնականում մեր կոչը և պայմանն այն է, որ շեշտը դրվի ենթակառուցվածքների վրա՝ ջրային, ոռոգման, ճանապարհային և այդպես շարունակ՝ իհարկե, էլի եմ ասում, չբացառելով այլ կարգի ծրագրերը, որոնք միտված կլինեն համայնքների մշակութային և հանրային կյանքի աշխուժացմանը»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում շատ կարևոր նոր փուլ է բացվում, որի հաջողության համար յուրաքանչյուրի դերակատարումը շատ կարևոր է: «Սա շատ կարևոր է արձանագրել: Հայաստանի Հանրապետությունն այլևս ճանապարհ չունի դեպի ետ, Հայաստանի Հանրապետությունը գնալու է առաջ և շատ մեծ տեմպերով քայլելու է առաջ: Եվ բոլոր այն համայնքապետերին, որոնք ունեն իրենց ընտրողների վստահությունը, ես հրավիրում եմ մեզ հետ քայլելու, մեզ հետ առաջ շարժվելու և կերտելու ազատ, հզոր և երջանիկ Հայաստան», - նշեց նա:
Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։
Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-70 տոկոսի չափով։